Նախագահի հանձնարարականով ԱԺ-ն գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ լսումներ է հրավիրել

Նախագահի հանձնարարականով ԱԺ-ն գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ լսումներ է հրավիրել

Հայաստանի խորհրդարանը առանձին ապրանքների գների բարձրացման և գնաճը մեղմելու հնարավորությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներ կանցկացնի: Ազգային ժողովի նիստի մեկնարկին այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: «Հաշվի առնելով հասարակական և քաղաքական շրջանակներում առանձին ապրանքների գնաճի հետ կապված մտահոգությունները, ինչպես նաև այս հարցի առնչությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկները, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի նախաձեռնությամբ հունվարի 23-ին, ժամը 11:00-ին նիստերի դահլիճում հրավիրվում է առանձին ապրանքների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները թեմայով խորհրդարանական լսումներ»,- նշեց Բաբլոյանը:

ՀՀ ԱԺ նախագահը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին խնդրեց իրավասու մյուս հանձնաժողովների հետ կազմակերպել խորհրդարանական լսումների անցկացումը՝ ապահովելով իրավասու և շահագրգիռ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների մասնակցությունը լսումներին:

Հունվարի 12-ին Ազգային ժողովի խորհրդի անդամների հետ կայացած խորհրդակցությանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել էր որոշ ապրանքատեսակների գների բարձրացման և գնաճը մեղմելու հնարավորությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներ հրավիրել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում