Արա Բաբլոյանը կոչ է անում գնաճի վերաբերյալ քննարկումները փողոց չտեղափոխել

Արա Բաբլոյանը կոչ է անում գնաճի վերաբերյալ քննարկումները փողոց չտեղափոխել

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը կոչ է անում երկրում առանձին ապրանքների գնաճի վերաբերյալ քննարկումները ոչ թե փողոց տեղափոխել, այլ գնալ ժողովրդավարական ճանապարհով: Ազգային ժողովի նիստի ընթացքում, պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի հարցին, ԱԺ նախագահը ևս մեկ անգամ նշեց, որ իր նախաձեռնությամբ գնաճի մեղմման թեմայով խորհրդարանական լսումներ են հրավիրվել, որի ընթացքում կկարողանան քննարկել բոլոր խնդիրները:

«Եթե մենք ունենք խնդիր և չենք կարողանում հարցին լուծում տալ հանձնաժողովի մակարդակով, ապա կարող ենք ավելի լայն քննարկումներ կազմակերպել՝ հրավիրելով մասնագետների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ոչ թե հարցի քննարկումը տեղափոխել փողոց, քանի որ դրանով հարցին լուծում տալ չենք կարող: Պետք է գնալ ոչ թե խնդիրը ուժային ճանապարհով, այլ ժողովրդավարական ճանապարհով լուծելու՝ կազմակերպելով խորհրդարանական լսումներ»,- նշեց ԱԺ նախագահը:

Արա Բաբլոյանը հավելեց, որ բոլոր հարցերը կարող են քննարկել խորհրդարանական լսումների ընթացքում, հանգել որոշ եզրակացությունների, ներկայացնել առաջարկներ, որոնք կարող են քննարկվել խորհրդարանի լիագումար նիստերի ընթացքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում