«Սեր առ Հայաստան». Ժնևում մեծ համերգ է կազմակերպվել

«Սեր առ Հայաստան». Ժնևում մեծ համերգ է կազմակերպվել

Ժնևի «Բատիման դե ֆողս մոտրիս» (Bâtiment des Forces Motrices) երաժշտասրահում «Սեր առ Հայաստան» խորագրի ներքո հունվարի 11-ին տեղի ունեցավ աշխարհահռչակ ակորդեոնահար Ռիչարդ Գալիանոյի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի` դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ բացառիկ համերգը՝ նվիրված «Կոմիտաս Շվեյցարիա – Հայաստան» (KASA – Komitas Action Suisse-Arménie) բարեգործական միության գործունեության 20-ամյակին։ Համերգին ներկա էր ՄԱԿ-ում Շվեյցարիայի Համադաշնության մշտական ներկայացուցիչ, դեսպան Վալենտին Զելվեգերը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Երեկոյի մասնակիցներին իր ողջույնի խոսքն ուղղեց Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանը՝ նշելով, որ երեկոյի խորագիրը՝ «Սեր առ Հայաստան», պատահական չէ ընտրված. համերգի գեղարվեստական խորհուրդն ու անզուգականությունն արտահայտելուց զատ, այն խորհրդանշում է հայ-շվեյցարական ամուր բարեկամությունը, որն առավել ամրապնդվել է հայ ժողովրդի պատմության ամենադժվար պահերին Շվեյցարիայի ժողովրդի կողմից Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ ցուցաբերված բացառիկ համերաշխությամբ։

Հասմիկ Տոլմջայանն իր ելույթում ընդգծեց նաև, որ «Կոմիտաս Շվեյցարիա – Հայաստան» միությունն իր կարևոր նպաստն է բերել ինչպես հայ-շվեյցարական միջմշակութային կապերի խորացմանը, այնպես էլ՝ հայ և շվեյցարացի ժողովուրդների միջև բարեկամության առավել ամրապնդմանը՝ երկու տասնամյակ շարունակ Հայաստանում ամենատարբեր բնագավառերում իրականացվող բազմաթիվ ծրագրերի միջոցով։

Հայաստանում ծավալած երկարամյա գործունեության համար դեսպանորդ Տոլմաջյանն իր երախտագիտությունը հայտնեց ԿԱԶԱ-ի հիմնադիր նախագահներ Մոնիկ և Դարիո Բոնդոլֆիներին, ինչպես նաև կազմակերպության բոլոր անդամներին։

Համերգին հնչեցին Կոմիտասի, Ա. Խաչատրյանի, Ա. Վիվալդիի, Ա.Պիացոլայի, Յ.Ս. Բախի ստեղծագործությունները։ Ժնևում գործող «Ալտարես» հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված այս բարեգործական համերգի հասույթն ուղղվելու է ԿԱԶԱ-ի ծրագրերի իրականացմանը Հայաստանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում