Վահե Էնֆիաջյանը ներկայացրեց նախագահի թեկնածու առաջադրելու հարցում «Ելք»- ին չսատարելու պատճառները

Վահե Էնֆիաջյանը ներկայացրեց նախագահի թեկնածու առաջադրելու հարցում «Ելք»- ին չսատարելու պատճառները

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը բացատրել է, թե ինչի համար «Ծառուկյան» խմբակցությունը «Ելք»-ին չի աջակցում ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Վահե Էնֆիաջյանն ընդգծեց, որ իրենք չեն ցանկանում մտնել մի գործընթացի մեջ, որտեղ ի սկզբանե դատապարտված են ձախողման: «Եկեք ի սկզբանե մենք մի բան ֆիքսենք՝ որպես փաստ և իրականություն: Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում մեր քաղաքացիներին ներկայացրել ենք, որ սա շատ կարևոր քաղաքական ընտրություններ են, որից բխելու են տարբեր քաղաքական գործընթացներ, այդ թվում՝ երկրի նախագահի ընտրության հարց կա, հետագայում կառավարություն ձևավորելու հարց կա: Խորհրդարանում մեծամասնություն կազմող ուժը, որն այսօր ձևավորել է կոալիցիա, 65 պատգամավորական մանդատով օժտված ուժ է: Ծառուկյան խմբակցությունը ունի 31 մանդատ, իսկ Ելքը՝ 9: Մեր մանդատները միասին վերցրած՝ 40 են, հետևաբար մենք հավակնություն չունենք մի բանի մեջ ներգրավվել և գործընթաց սկսել, որի մեջ ի սկզբանե դատապարտված ես ձախողման»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Էնֆիաջյանը:

Նա հավելեց, որ սա չի նշանակում, թե իրենք պայքարից հրաժարվում են, պարզապես ժողովրդին չեն ուզում հիասթափեցնել: «Եթե ժողովրդին հույս տանք, որ մենք թեկնածու ունենք և գնում ենք պայքարի, ժողովուրդը սկսելու է հույս կապել: Եվ դրանից հետո ի՞նչ է տեղի ունենալու, միանշանակ մեծամասնության թեկնածուն հաղթելու է, և ստացվելու է, որ ընդդիմությունը պարտվեց: Բարգավաճ Հայաստանը չի մտնելու գործընթացի մեջ, որտեղ պարտություն է կրելու»,– նշեց Վահե Էնֆիաջյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է ՀՀԿ նախագահի թեկնածուին սատարեն, նա պատասխանեց, որ այս պահին որևէ ուժի սատարելու հարց չեն քննարկում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում