Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն անդրադարձել է երկու ոստիկանի մահվան պատճառ դարձած ավտովթարին

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն անդրադարձել է երկու ոստիկանի մահվան պատճառ դարձած ավտովթարին

Հայաստանի քննչական կոմիտեի տեղակալ Արթուր Ղամբարյանն անդրադարձել է օրերս երկու ճանապարհային ոստիկանի կյանք խլած վթարին և դրանից հետո ոստիկանության ու քննչական կոմիտեի միջև տարաձայնությունների վերաբերյալ հարցին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Ղամբարյանն ընդգծեց, որ քննչական կոմիտեն այդ վթարին մասնակից անձի, նաև նրա եղբոր վերաբերյալ առանձին հաղորդագրություններով հանդես եկել է, որոնց ինքն ավելացնելու բան չունի, սակայն հավելեց, որ դա այն դեպքերից է, երբ պետք է հասկանալ՝ նման դեպքերով հասարակության և իրավապահ համակարգի միջև վստահության դեֆիցիտն ավելի է պակասում:

«Այն անջրպետը որ կա հասարակության և իրավապահ համակարգի միջև, երբ հասարակությունն այնքան էլ չի վստահում իրավապահ համակարգին, ավելի է խորանում, երբ նման դեպքեր են լինում: Իրավապահ համակարգում մեզանից յուրաքանչյուրը պետք է հասկանա, թե որտեղ ինչ խնդիր կա, այլ ոչ թե փորձի ինչ-որ արդարացումների ճանապարհով խնդիրները քննարկի»,- նշեց Ղամբարյանը՝ շեշտելով, որ ամոթ բան չէ խնդիրները գտնելն ու դրանց ուղղությամբ քայլեր ձեռնարկելը:

Դիտարկմանը, թե հրապարակումներ եղան այն մասին, որ Արաբկիր վարչական շրջանի քննչական ծառայության ղեկավարը հանցավոր համաձայնություն է ունեցել վթարի մասնակից Սարգիս Վարդանյանի և նրա եղբոր՝ Սերժ Վարդանյանի հետ, ովքեր նախկինում իրենց կատարած արարքների համար չեն պատժվել, Արթուր Ղամբարյանը պատասխանեց. «Ես քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի նախագահն եմ, և կարող եմ ասել, որ այդ հանձնաժողովում նման հաղորդում չի ստացվել: Օրենքով մենք ծառայողական քննություն սկսելու համար պետք է հաղորդում ստանանք: Այս պահին այդպիսի հաղորդում չունենք»:

Հունվարի 8-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են BMW X6 մակնիշի, 35 NT 388 հաշվառման համարանիշի և «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները, որից հետո BMW X6 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել գովազդային վահանակին: Ավտովթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդ, ՃՈ 1-ին գումարտակի 6-րդ դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա.Դավթյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ ուղևոր, նույն դասակի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Խ.Գասպարյանը տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ավտովթարից հետո BMW X6 մակնիշի ավտոմեքենայի վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով: Քրեական գործի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնին բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ ոստիկանության լեյտենանտ Խ.Գասպարյանը, գիտակցության չգալով, վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Դեպքի պահին ճանապարհային ոստիկանության տեսուչները գտնվել են ծառայության մեջ և իրականացրել գիշերային հերթապահություն։

Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ վթարի պահին BMW X6 մակնիշի ավտոմեքենայում գտնվել է 3 անձ, փաստական տվյալներ ձեռք բերվել, որ ղեկին գտնվել է Ս.Վարդանյանը, ով նույն օրը ձերբակալվել է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում