Արևմուտքն ընդդեմ Վիգեն Սարգսյանի. Վիրահատություն պահանջող զինվորի գործն իրականում

Արևմուտքն ընդդեմ Վիգեն Սարգսյանի. Վիրահատություն պահանջող զինվորի գործն իրականում

Հանգստյան օրերին սոցցանցով Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի դիմումը քաղաքացիներին դարձավ լայն քննարկման առարկա: Արդեն ավանդական դարձած Զինված Ուժերի և անձամբ Վիգեն Սարգսյանի հանդեպ բացասական մեկնաբանությունների պակաս չզգացվեց: Սակայն բուն միջադեպի և Վիգեն Սարգսյանի շարժառիթների մասին այդպես էլ չխոսվեց, փոխարենն արտահայտվողների մեծ մասը սահմանափակվեցին անընդհատ կրկնելով, թե ինչ խայտառակություն է, երբ պետությունը փող է խնդրում քաղաքացիներից:

Իրականում, տեղի է ունեցել հետևյալը՝ անցած տարվա դեկտեմբերի 26-ին «Հանուն Իրավունքի» իրավական լրատվական կայքում լույս տեսավ մի նյութ որը պատմում էր 2016թ. հունիսի 24-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի գետնատնակում տեղի ունեցած միջադեպի մասին, որի արդյունքում ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Դալլաքյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել՝ դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

Նման դեպքերում, ըստ ավանդույթի, տուժողի հուզված մորից հարցազրույց վերցնելով ու գործին կցված փաստերն աղավաղելով վերոհիշյալ կայքը գրում է՝ «զինվորի գլխին կրակած սպան, պարզվում է, ըստ ՊՆ-ի «անբասիր ծառայող է» ու շարունակում է դիրքերում աշխատանքը», չպարզաբանելով, որ «անբասիր ծառայող լինելու» փաստը վերցված է քրեական գործին կցված ու մինչև միջադեպը տրված բնութագրից: Այսինքն՝ «անբասիր» էր ծառայողը մինչև միջադեպը: Ավելին՝ այն փաստը, որ զինվորը ծառայության մեջ է ևս համապատասխանում է օրենքին, քանի որ նա գտնվում է կարգապահական գումարտակում: Սակայն տուժողի մոր խոսքերը փոխանցող կայքը դրանք ներկայացնելուց առաջ չի էլ փորձել ճշգրտել տվյալները: Գուցե փաստերը ստուգելու համար չէ, որ ամերիկյան USAID-ը ու Eurasia Partnership հիմնադրամը ֆինանսավորում են այս լրատվամիջոցը:

Պարբերություններից մեկում լրատվականը նշում է, որ «հաշմանդամ դարձած զինվորի մորը պաշտպանության նախարարությունում մերժել են՝ ասելով, որ արտերկրում զինծառայողների բուժումը կազմակերպելը պաշպանության նախարարության իրավասությունը չէ», չնշելով սակայն, որ ՊՆ տրամադարության տակ գտնվող հիմնադրամներից օգտվելու համար կան օրինական սահմանափակումներ՝ հայաստանյան բժիշկները չեն կարողացել երաշխավորել հնարավոր վիրահատության բարենպաստ արդյունքը:

Հրապարակումից ու ամանորյա տոներից օրեր անց Պնախարար Վիգեն Սարգսյանը դիմում է քաղաքացիներին՝ աջակցելու կոչով և մեկ օրվա ընթացքում հավաքում անհրաժեշտ գումարի կեսը՝ դառնալով որոշ շրջանակների ծաղրի առարկա: Մնում է պարզել, թե ինչու՞ քաղաքացիները չեն ծաղրում զարգացած երկրների ղեկավարներին և այլ պաշտոնյաներին, երբ նրանք են նման կոչերով հանդես գալիս: Առանձին զարմանքի արժանի է այն փաստը, որ զինված ուժերի դեմ այս արշավը երբեմն անթաքույց ֆինանսավորում են արևմտյան դոնորները: Ամենախոսուն օրինակը ուսանողական բողոքի ցույցերի ժամանակ ի հայտ եկած այն փաստն էր, որ Ջորջ Սորոսի կողմից ֆինանսավորվող Open Society հիմնադրամը շտապ կարգով գրանտ է տվել բուն «Ազգ Բանակ» հայեցակարգին «այլընտրանքային գիտակցություն ձևավորելու» համար: Թեև գրանտի տեքստը այնուհետև խմբագրվեց, ակնհայտ դարձավ միտումը՝ ամեն գնով հարվածել բանակի հեղինակությանը:

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նյութի աղբյուրը Analitik.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում