Դիմանկար

Դիմանկար

ԱՐՄԻՆԵ ԱՂԱՅԱՆՑ

Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայներական բաժնի շրջանավարտ (2006-2012թթ.), բազմաթիվ գեղանկարչական ու դիզայներական, քանդակագործական ու լուսանկարչական ցուցահանդեսների մասնակից և մրցանակակիր

Մասնագետները նրա աշխատանքները հաճախ համեմատում են Գուստավ Կլիմտի և երբեմն էլ` մեր հայրենակից Ժանսեմի աշխատանքների հետ…

Իսկ իմ խորին համոզմամբ` Արմինե Աղայանցի ստեղծագործություններում ինքնօրինակ, բայցև համամարդկային ու հոգեմոտ մի բան կա, որին մի անգամ հաղորդակցվողը այլևս հայտնվում է նրա գեղարվեստի տաք ու հաղորդական շնչառության դաշտում, և յուրաքանչյուր հպում գունաիմաստային նոր շերտերի, խորքային նոր բացահայտումների հնարավորություն է ընձեռում: Մարդուն հուզող խնդիրներն ամենուր գրեթե նույնն են, մեկնություններն են տարբեր, տարբեր են լուծումները, և, ինչպես մեծ մտածողը կասեր, «ոչ թե կեղևը, այլ ոգին»: Արմինեի գեղանկարչական արվեստը այդ ոգեղենի ընթերցման ազնիվ ջանքն է, միաժամանակ` բնության ներդաշնակության առջև խոնարհման ծես: Բնությունը` նախագոն ու կատարյալը, նրա ներշնչման անսպառ աղբյուրն է, անկեղծ պոռթկումի ավազանը: Դրա վկայությունն են Աղայանցի լուսանկարչական աշխատանքները. բնության թրթիռը, լույսի ու ստվերի մոգությունը ակնթարթի մեջ հավերժացնելու նրա հմտության շնորհիվ հռչակավոր Լուվրի մուտքի դիմաց բնությունը կարծես իր չքնաղ թռչունների թևերի տակ է առել աշխարհի լավագույն ստեղծագործությունների պահպանման ու ցուցադրման տաճարը:

Արմինեի ստեղծագործական կյանքի մասին բազմիցս գրել ու արտահայտվել են լավագույն արվեստագետներ, և այսօր ես չեմ ուզում անդրադառնալ արդեն իսկ ասվածին ու վկայվածին, ուզում եմ պարզապես հաստատուն շարժընթացի և անուրանալի առաջընթացի հանգրվանները մատնանշել:

Արցախի (Ղարաբաղ) Դրախտիկ գյուղ… Իսկապես, արցախյան լեռնաշխարհի` անվանը համահունչ գողտրիկ դրախտավայր՝ բնակիչների հերոսական ու ազնիվ կենսակերպով, անկեղծ նկարագրով: Մեծ հայրենականի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կողքին համեստ ու արժանապատիվ կանգնած է Արցախյան ազատամարտի հերոսների հուշարձան-աղբյուրը, որի ճարտարապետն ու նախագծման հեղինակը Արմինե Աղայանցն է: Հուշարձանի իրականացման աշխատանքները ձեռնարկել է ամերիկաբնակ Լևոն Խաչյանը (ԱՄՆ, Սան Դիեգո), ում ծննդավայրն է Դրախտիկ գյուղը: Հուշարձան-աղբյուրի բացմանը ներկա են եղել Արցախի Հանրապետության փոխվարչապետը, գեներալներ, պետական ու զինվորական այլ այրեր: Հուշարձան-աղբյուրի ոգեղեն ասելիքը հայ ազգի կամքի, հերոսական պատմության ու հարատևության գաղափարն է: Բացման արարողությունը լուսաբանվել է Արցախի պետական հանրային հեռուստատեսության (www.Artsakh.TV) նորություններով և “Երեկոն մեզ հետ” ծրագրով:

Այսօր էլ ցավով, բայց հպարտությամբ են պատմում 90-ականների սկզբին` ծանր պատերազմի ժամանակ տեղի ունեցած դեպքերն ու առանձնակի գորովանքով հիշում դրախտիկցի յոթամյա այն տղային, ում համար դպրոցական պայուսակ էին գնել, որ դպրոց գնար ու կառուցեր հետո իր պապերի իր բաժին երկիրը: Այսօր էլ պատմում են, թե ինչպես մի օր նոր պայուսակն ուսին` դպրոց է գնում նա, և գյուղամիջում հավաքվածները հարցնում են, թե ուր է գնում, չէ՞ որ պատերազմ է: Տղան էլ թե` «ձեր պատերազմը կարող ա քսան տարի տևի. ես հո անգրագետ չե՞ մ մնալու…»: Բայց պատերազմը փշրեց այս տղայի պայծառ երազանքը… Եվ դրախտիկում ապրող մարդկանց ու հատկապես զոհվածների հարազատների համար հուշարձան-աղբյուրը սրբազան խոնարհման ու լուռ աղոթքի վայր է, ցավի ու հպարտության խոխոջուն վկա… Հուշարձան-աղբյուրի մոտ շրջանավարտները վերջին զանգի արարողությունն են կատարում, իսկ զինծառայության մեկնողներն էլ` հանդիսավորապես երդվում` զոհերի և հաղթողների հիշատակի ու գործի առջև խոնարհվելով:

Հայաստանում Արմինե Աղայանցին շատերն են ճանաչում և գնահատում, իսկ նրա արվեստն անկասկած պահանջարկված է: Երևանի Գեղարվեստի ակադեմիայի բակալավրիատն ու մագիստրատուրան գերազանցությամբ ավարտած, այսօր արդեն ՀՀ Դիզայներների միության անդամ, իսկ 2015-16 թվականներին` նաև ցուցահանդես-մրցույթների ժյուրիի անդամ նկարչուհին բազմաթիվ ցուցահանդեսների մասնակից և մրցանակակիր է. Հայաստանի Անկախության 20-ամյակին նվիրված ցուցահանդեսի մրցանակ՝ լավագույն թեմատիկ գեղանկարի համար (մեկ միլիոն ՀՀ դրամ), երկու անհատական ցուցահանդեսներ՝ 2014-ին և 2016-ին «Նարեկացի» ցուցասրահում, բազմաթիվ գեղանկարչական աշխատանքներ տարբեր կոմերցիալ կազմակերպություններում ու հյուրանոցներում, քանդակներ «Կոսմոս» խաղատան համար և շուրջ 300 այլ աշխատանքներ: Հայաստանի գործունեությունը բեղմնավոր է, և դրա մասին անվերջ կարելի է խոսել, սակայն ամենակարևորն այն է, որ Հայաստանում եղավ նրա` միջազգային ճանաչման տանող վերելքի մեկնարկը:

Իտալիան` արվեստների հնամյա հայրենիքը, առաջինն էր Արմինե Աղայանցի մասնագիտական գործունեության միջազգային հորիզոնում: Ապակեգործական աշխարհահռչակ «Մուրանո» ընկերության` Մուրանոյի Աբատե Զանետի ապակեգործական դպրոցի կողմից կազմակերպած մրցույթի ժամանակ, որի մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Վենետիկում, ստացած երկու ոսկե մեդալները և բարձր գնահատականը (առհասարակ գեղանկարչական արվեստի համար մեդալների կամ գավաթների ձևով մրցանակները խիստ հազվադեպ են և տրվում են առանձնահատուկ դեպքերում) մի նոր լիցք ու կայծ հաղորդեցին Արմինեի ստեղծագործական երևակայությանը՝ իր դեռևս ուսանողական տարիների երազանքին հասնելու՝ «Նյու Յորք Արտ Էքսպո»-ին մասնակցելու ճանապարհին:

Ֆրանսիան Արմինեի մասնագիտական կյանքում հանգուցային հանգրվան է. այստեղ էր առաջին և լուրջ փորձի փոխանակումը՝ Լիմոժի Գեղարվեստի դպրոցում համատեղ նախագծերի իրականացում, նաև ֆրանսիական ժամանակակից գեղանկարիչների ու դիզայներների մաստեր-կլասների մասնակցություն՝ փոխադարձ հարց ու պատասխաններով: Հետո Փարիզ և երազանքների թանգարան՝ Լուվր… Այստեղ էլ արվեստագետի սուր դիտողականության շնորհիվ` փառահեղ լուսանկար, որն արժանացավ հենց Լուվրի նախասրահում կազմակերպված լուսանկարների ցուցահանդեսում ցուցադրվելու պատվին, որից հետո ցուցահանդեսի երկու գրքերում Արմինեի աշխատանքները արժանավորապես տեղ գտան տպագրված լավագույն աշխատանքների շարքում:

ԱՄՆ. Նյու Յորքի «Արտ Էքսպո»-ի` յուրաքանչյուր արվեստագետի երազանքի ցուցահանդեսի դռները 2017-ի ապրիլին բացվեցին Արմինե Աղայանց գեղանկարչի առջև: Ահռելի ընդգրկմամբ հատկանշվող ցուցահանդես, որին մասնակցում էին աշխարհի շատ երկրների բազմաթիվ արվեստագետներ, իսկ Հայաստանից` Արմինե Աղայանցը` իր հետաքրքիր գեղանկարչական աշխատանքներով: Այս ցուցահանդեսը շարունակական է, և հաջորդ ցուցահանդեսին, որը կայացավ 2017-ի հոկտեմբերի սկզբին Սան Դիեգոյում, Արմինեն կրկին մասնակցում էր: Ցուցահանդեսների արդյունքում եղան աշխատանքի, համագործակցության ու պատկերասրահներում ցուցադրվելու առաջարկներ:

Արցախի Դրախտիկ գյուղից մինչև Նյու Յորք` ահա այսպիսին է 27-ամյա Արմինե Աղայանցի ստեղծագործական առաջընթացը, ինչը վկայում է նրա բացառիկ տաղանդի, աշխատասիրության և նպատակասլացության մասին: Համբերատար սպասենք նրա նոր հաջողություններին և հպարտությամբ արդեն իսկ արձանագրենք, որ քսանյոթամյա նկարչուհին լայն ու վստահ թևաբախումներով նվաճում է արվեստի իր բաժին երկինքը:

Աննա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում