«Հրապարակ». Երեխաները չեն հաճախի երաժշտական դպրոցներ՝ վարձավճարի թանկացման պատճառով

«Հրապարակ». Երեխաները չեն հաճախի երաժշտական դպրոցներ՝ վարձավճարի թանկացման պատճառով

Բազմաթիվ ծնողներ, որոնց երեխաները հաճախում են երաժշտական դպրոցներ, ստիպված են լինելու հրաժարվել նրանց երաժշտական դպրոց ուղարկելուց, քանի որ 1 ընտանիքում 2 երեխայի դեպքում ամսական մոտ 15 հազար դրամ վարձավճար պետք է մուծեն: Նշենք, որ նախորդ տարեվերջին հայտնի դարձավ, որ Երևանում գործող երաժշտական և արվեստի դպրոցների վարձավճարը բոլոր բաժիններում դարձել է 8 հազար դրամ, իսկ մինչ այդ տարբեր էին, և վճարումն էլ միանվագ չէր կատարվում: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

Երևանու ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ շատ ծնողներ մինչև վերջին պահն անտեղյակ են եղել թանկացումներից:

«Ֆեյսբուքում լիքը գրառումներ կան այդ մասին, և նշում են, որ երեխայի հետ ինչ-որ թուղթ են տվել՝ ծանուցում, որ մինչև այսինչ ժամկետը վճարեք, կարծեմ՝ ամսի 16-ը»,- նշեց Հարությունյանը: Բացի այդ, նրա խոսքով՝ տուրքերի բարձրացման հետ միասին սահմանվել են արտոնություններ՝ 500 լրիվ անվճար և 400՝ մինչև 50 տոկոս զեղչի համար, բայց առայսօր կարգը սահմանված չէ, ուստի հայտնի չէ, թե դրանք ում են տրվելու: «Եվ ծնողներից որևէ մեկին չեն ասել, որ դուք կարող եք դիմել արտոնություններ ստանալու համար»,- ասել է «Ելք» խմբակցության անդամը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում