Թուրքիայի ԱԳ նախարարը Թիլերսոնի հետ կքննարկի Սիրիայի հյուսիսում պաշտպանական ուժեր ստեղծելու հարցը

Թուրքիայի ԱԳ նախարարը Թիլերսոնի հետ կքննարկի Սիրիայի հյուսիսում պաշտպանական ուժեր ստեղծելու հարցը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հունվարի 16-ին քննարկելու է Սիրիայում քրդական ուժերի հետ պաշտպանական զորք ստեղծելու՝ ԱՄՆ իշխանությունների մտադրությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին Վանկուվերում հայտարարել է Չավուշօղլուն:

«Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները հայտնի, թե ինչ դիրքորոշում ունի՝ նախընտրում է դաշնակիցների՞ն, թե՞ ահաբեկչական կազմակերպությունը: Եթե ԱՄՆ դիրքորոշումը կանգ է առնում ահաբեկչական խմբավորման վրա, ապա ըստ դրա մեր դիրքորոշումն էլ այլ կլինի: Ով ուզում է լինի ահաբեկչական խմբավորումների թիկունքում՝ ԱՄՆ-ն կամ մեկ այլ երկիր, մենք մեր քայլերը ձեռնարկելու ենք»,– հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Չավուշօղլուն հավելել է, որ իրենք չեն կարող վստահել Թուրքիայի թշնամի համարվող ահաբեկչական խմբավորման հետ համագործակցող և աջակցող երկրներին:

«Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարող ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան մտադիր է Սիրիայում ստեղծել սահմանների անվտանգության ուժեր՝ համագործակցելով «Սիրիական դեմոկրատական ուժերի» հետ: Կոալիցիայի մամուլի խոսնակ Թոմաս Վիլը հայտնել է, թե ակնկալվում է, որ ուժերի կազմում ներգրավված է լինելու շուրջ 30 հազար մարդ: Նրանք տեղակայվելու են Թուրքիայի և Իրանի սահմանի երկայնքով:

Այս որոշումը խիստ բացասաբար է ընդունվել պաշտոնական Անկարայի կողմից: Խնդրի առնչությամբ հայտարարությամբ են հանդես եկել Թուրքիայի ԱԳՆ-ն, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը և այլ պաշտոնատար անձինք:

«Սիրիական դեմոկրատական ուժերն» ընդդիմադիր դաշինք է, որի կազմում ներառված են մեծապես քրդեր, ինչպես նաև արաբներ և այլ էթնիկ ներկայացուցիչներ: Այն կազմավորվել է 2015 թվականի հոկտեմբերին՝ ԻՊ դեմ պայքարելու նպատակով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում