ՀՀ գյուղնախարարությունն ընդլայնում է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակը

ՀՀ գյուղնախարարությունն ընդլայնում է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը նախօրեին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Կարլո Սքարամելլային, Հայաստանյան գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ջանկարլո Ստոպպոնիին և Ծրագրերի բաժնի ղեկավար Գերդ Բուտային, ինչպես նաև Պարենային քաղաքականության միջազգային հետազոտական ինստիտուտի (IFPRI) գլխավոր տնօրեն Շենգգեն Ֆանին: Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում ՊՀԾ հետ իրականացվող ծրագրերն ու հետագա համագործակցության առավել նպատակահարմար ուղղությունները, ինչպես նաև IFPRI-ի հետ փոխգործակցության հնարավորությունները: Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման սկզբում փոխնախարար Արմեն Հարությունյանը համառոտ ներկայացրել է Հայաստանում պարենային ապահովության ուղղությամբ տարվող քաղաքականությունը:

Այնուհետև նախարարի տեղակալն անդրադարձել է ոլորտի առաջնահերթ ուղղություններին, որոնց բարեհաջող ընթացքի ապահովման համար Պարենի համաշխարհային ծրագրի և Պարենային քաղաքականության միջազգային հետազոտական ինստիտուտի փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի համար: Այս համատեքստում Արմեն Հարությունյանը մասնավորապես մատնանշել է գյուղատնտեսության բնագավառում ապահովագրական համակարգի ներդրումը, փոքր և միջին ձեռնարկատիրության, գյուղատնտեսական կոոպերացիայի զարգացումը, օրգանական գյուղատնտեսության խթանումը: Իր խոսքում փոխնախարարը կարևորել է նաև վիճակագրական տվյալների կառավարման ոլորտում համագործակցությունը:

Ընդգծելով հետաքրքրվածությունն ու պատրաստակամությունն աջակցել Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացմանը` հյուրերն առաջարկել են ուսումնասիրել և առաջիկա ամիսների ընթացքում կազմել համագործակցության ծրագիր՝ ներգրավելով նոր դոնորների:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում