Գագիկ Ծառուկյանը չի բացառում նախագահի՝ ՀՀԿ թեկնածուին սատարելու հնարավորությունը

Գագիկ Ծառուկյանը չի բացառում նախագահի՝ ՀՀԿ թեկնածուին սատարելու հնարավորությունը

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի բացառում, որ իրենք կսատարեն իշխող Հանրապետական կուսակցության՝ ՀՀ նախագահի թեկնածուին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է սատարեն ՀՀ նախագահի՝ ՀՀԿ առաջադրած թեկնածուին, պատասխանեց, որ ամեն ինչ էլ հնարավոր է: «Ասեմ, ամեն ինչ հնարավոր է: Նայած, թե ով կլինի թեկնածուն: Այսօր մենք չգիտենք, թե ով է նրանց թեկնածուն»,- ընդգծեց Ծառուկյանը:

Նա հավելեց, որ ընտրությունների արդյունքներով ժողովուրդը լիարժեք իրավունք է տվել ՀՀԿ-ին առանց իրենց և առանց «Ելք» խմբակցության ներկայացնել ՀՀ նախագահի թեկնածու և ընտրել: «Եթե մեր ժողովուրդը Հանրապետական կուսակցությանը տվել է լիարժեք հնարավորությունը, որպեսզի նրանք առաջադրեն և ընտրեն, էլ ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց «Ծառուկյան» խմբակցության առաջնորդը:

Հարցին՝ հնարավո՞ր է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմեն, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Այդ հարցի շուրջ մենք քննարկում և խոսակցություն չենք ունեցել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում