«Ծառուկյան» դաշինքը չի մասնակցի «Ելք»-ի հրավիրած երթին

«Ծառուկյան» դաշինքը չի մասնակցի «Ելք»-ի հրավիրած երթին

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը չի մասնակցի «Ելք» դաշինքի՝ առանձին ապրանքատեսակների գների բարձրացման դեմ բողոքի երթին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նա նշեց, որ իրենք նախընտրում են մասնակցել գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներին, որը հրավիրվել է Ազգային ժողովի նախագահի նախաձեռնությամբ և ՀՀ Նախագահի առաջարկով: «Եթե այսօր մենք ունենք հնարավորություն Ազգային ժողովում այդ հարցը քննարկել, երբ բոլոր խմբակցությունները, կուսակցությունները իրենց կարծիքները արտահայտելու հնարավորություն կստանան, ինչո՞ւ պետք է չօգտվենք այդ հնարավորությունից»,- ընդգծեց Գագիկ Ծառուկյանը:

Նա նշեց, որ իրենք ժամանակին ասում էին, որ նոր հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո թանկացումներ են լինելու, հանդես են եկել նախաձեռնություններով, սակայն որևէ խմբակցություն այդ ժամանակ իրենց կողքին չկանգնեց: Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ գնաճի ազդեցությունը մեղմելու համար պետք է բարձրացվեն աշխատավարձերն ու թոշակները, սակայն, քանի որ նման որոշում չկա, հարկավոր է փոփոխություններ անել հարկային օրենսգրքում և գնալ եկամտահարկի նվազեցման:

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ հունվարի 23-ին Ազգային ժողովում տեղի կունենան խորհրդարանական լսումներ գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ: Հունվարի 19-ին Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը վերջին շրջանում նկատվող թանկացումների դեմ բողոքի երթ է հրավիրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում