Սուրբ Սարգսի տոնին հետաքրքիր միջոցառումներ կանցկացվեն

Սուրբ Սարգսի տոնին հետաքրքիր միջոցառումներ կանցկացվեն

Երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի նշվում է հունվարի 27-ին: Այդ օրը Հայաստանում մի շարք միջոցառումներ են սպասվում: Այս մասին հունվարի 16-ին լրագրողների հետ զրուցել է Տեր Եսայի քահանա Արթենյանը:

«Այդ գեղեցիկ օրվա հիմնական և ամենակարևոր արարողությունը սուրբ պատարագն է, որը մատուցվելու է ոչ միայն Սուրբ Սարգսի անունը կրող, այլև այլ եկեղեցիներում: Վեհափառ Հայրապետի արտոնմամբ, Նավասարդ սրբազանի նախաձեռնությամբ Սուրբ Սարգսի մասունքակիր աջը կբերվի Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցի. բոլոր հավատացյալները կարող են առավոտից մինչ երեկո գալ եկեղեցի, խոնարհվել աջի առաջ և ստանալ սրբի բարեխոսությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Արթենյանը:

Հունվարի 27-ին տեղի կունենա ավանդական դարձած խաչերթը, որին կմասնակցեն հավատացյալներ, երիտասարդներ, զինվորականներ: Սիրահարների այգում տոնական մեծ համերգ կանցկացվի, երեկոյան Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցում զինվորների օրհնության կարգ կկատարվի, ապա Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ սրբազանի նախաձեռնությամբ կպարգևատրվեն սահմանագծում ծառայության ընթացքում լավագույն կողմերով աչքի ընկած զինվորները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում