Պատգամավորներն առաջարկում են շեշտակի բարձրացնել անչափահասների կողմից խաղադրույք կատարելու տուգանքները

Պատգամավորներն առաջարկում են շեշտակի բարձրացնել անչափահասների կողմից խաղադրույք կատարելու տուգանքները

Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ առաջարկում են էականորեն բարձրացնել անչափահասների կողմից խաղադրույք ընդունելու համար նախատեսված տուգանքները: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող, ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նշեց, որ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում են երեք փոփոխություն: «Գործող օրենսդրությամբ սահմանված է, թե ինչ տարիքի անձինք կարող են խաղադրույքներ կատարել, վիճակախաղերի մասին օրենքով և շահումով խաղերի մասին օրենքով այցելել խաղատներ: Վիճակախաղերի մասին օրենքով խաղադրույք կատարելու իրավունք ունեն 18 տարին լրացած, իսկ խաղատներ այցելելու իրավունք՝ 21 տարեկան անձինք: Նախատեսված տուգանքները այդ խախտման համար հետևյալն են՝ առաջին անգամ նման խախտումը տուգանվում է 100 հազար դրամով: Ես հարցումով դիմել եմ ֆինանսների նախարարություն և պարզել, որ 2014-2017 թթ. ընթացքում նախարարությունը նման ընդամենը մեկ սանկցիա է կիրառել: Բոլորիս համար ակնհայտ է, որ դժվար թե այդ երեք տարվա ընթացքում ընդամենը մեկ դեպք եղած լինի, 18 տարին չլրացած քաղաքացին կատարել է խաղադրույք կամ 21 տարին չլրացած քաղաքացին այցելել է խաղատուն: Ակնհայտ է, որ գործող օրենսդրությունը իր նպատակին չի ծառայում, որովհետև վարչական տուգանքի իմաստը պետք է լինի ոլորտում գործունեություն ծավալողի վարքագծի փոփոխությունը: Այն, ինչ գործում է այսօրվա օրենսդրությամբ, չի արդարացնում իրեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ֆարմանյանը:

Պատգամավորը վստահություն հայտնեց, որ շատ են անչափահաս քաղաքացիները, ովքեր կարողանում են անարգել օգտվել վիճակախաղերին մասնակցելու կամ խաղասրահներում շահումով խաղերի մասնակցելու հնարավորությունից: Նա ընդգծեց, որ օրենսդրական նախաձեռնությունը շրջանառության մեջ դնելուց հետո փողոցներում տեղադրված ապարատների մոտ 10 լուսանկար է արել, երբ անչափահաս քաղաքացին այդ ապարատների մոտ ակնհայտ խաղադրույք է կատարել: «Հիմա մենք առաջարկում ենք առաջին անգամ խախտման համար նախատեսված 100 հազար դրամ տուգանքի փոխարեն սահմանել 2 միլիոն դրամ տուգանք: Մեկ տարվա ընթացքում, եթե այդ խախտումը կրկնվում է երկրորդ անգամ, կիրառվում է տուգանք 5 միլիոն դրամի չափով: Եթե երրորդ անգամ է կրկնվում խախտումը, տուգանքը լինում է 10 միլիոն դրամ, իսկ մեկ տարվա ընթացքում խախտումը 4-րդ անգամ կրկնվելու դեպքում ընկերությունը զրկվում է լիցենզիայից, ինչը ընկերության համար ենթադրում է 500 միլիոն դրամի տուգանք, որովհետև լիցենզիա ձեռք բերելու համար նախատեսված վճարը հենց այդքան է»,– պարզաբանեց պատգամավորը:

Պատգամավորներն առաջարկում են փոխել նաև վիճակախաղերին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների տարիքային շեմը: Սամվել Ֆարմանյանը նշեց, որ գործող օրենքով վիճակախաղերին մասնակցելու և տարբեր բուքմեյքերական ընկերություններում խաղադրույքներ կատարելու իրավունք ունեն 18 տարին լրացած անձինք, իսկ իրենք առաջարկում են սահմանել, որ վիճակախաղերից ևս օգտվելու իրավունք կունենան 21 տարին լրացած անձինք, ինչպես խաղատների դեպքում է: «Ես կարծում եմ, որ այս նախաձեռնությունը, որը ստորագրվել է քաղաքական բոլոր խմբակցությունները ներկայացնող պատգամավորների կողմից, արժանի է, որպեսզի ստանա Ազգային ժողովի հավանությանը»,- ընդգծեց Ֆարմանյանը:

Նա կոչով դիմեց նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: «Այս նախագծի ընդունումից հետո ցանկացած լրատվամիջոց սեփական նախաձեռնությամբ կարող է իրականացնել հետաքննություն, ներկայացնել փաստեր անչափահասների կողմից խաղադրույք կատարելու դեպքերի մասին, և այդ խախտումն առաջին անգամ լինելու դեպքում տվյալ ընկերությունը կպատժվի 2 միլիոն դրամ տուգանքով, իսկ 4-րդ անգամ լինելու դեպքում կհանգեցնի դրան լիցենզիայից զրկելուն»,- եզրափակեց Ֆարմանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում