ԵԱՏՄ անդամակցությամբ և մուտքի խոչընդոտների վերացմամբ էժանացել են մի շարք ապրանքատեսակներ

ԵԱՏՄ անդամակցությամբ և մուտքի խոչընդոտների վերացմամբ էժանացել են մի շարք ապրանքատեսակներ

Ընթացիկ տարվա հունվարին 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ շաքարավազը, հավի թարմ միսը, ձեթը, ոսպը, ոլոռը, ալյուրը, կաթնամթերքի որոշ տեսակներ էժանացել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: «Դրանք հիմնականում պայմանավորված են, մի կողմից` ԵԱՏՄ անդամակցությամբ, քանի որ առևտրային պայմանները բարելավվել են, հեշտացել է ԵԱՏՄ երկրներից ապրանքներ ներկրելը, մյուս կողմից` մուտքի խոչընդոտների վերացումն է` պայմանավորված հարկային և մաքսային վարչարարության բարելավմամբ»,-ասաց ՏՄՊՊՀ նախագահը:

Անդրադառնալով շաքարավազի գների նվազմանը` Արտակ Շաբոյանը նկատեց, որ նվազումը 13.3 տոկոս է, մեկ կիլոգրամ շաքարավազի գինը 392 դրամից իջել է ու դարձել 339 դրամ: Պաշտոնյայի խոսքով` իրենք հետևում ու պարտադրում են խոշոր ընկերություններին իրենց գնային քաղաքականությունը համահունչ դարձնել միջազգային շուկայում արձանագրված գնային փոփոխություններին:

Արտակ Շաբոյանը հավելեց, որ շաքարավազի շուկայում գների իջեցման գործում իր նպաստն է բերել նաև մրցակցության խորացումը: «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս պահի դրությամբ 56 տնտեսվարող շաքարավազ է ներմուծում երկիր: Ճիշտ է` մեծ մասը փոքր ընկերություններ են և ներկրում են սեփական արտադրության մեջ օգտագործելու նպատակով, բայց վերջին ժամանակահատվածում բավականին շատ տնտեսվարողներ են ավելացել այս ոլորտում»,-հավելեց Շաբոյանը:

Նրա խոսքով` մյուս ապրանքախմբերի դեպքում ևս ներկրողներն ավելացել են: Եթե մինչ ԵԱՏՄ անդամակցությունը հավի միս ներկրում էր 28 տնտեսվարող, ներկայում այն դարձել է 57, ձեթի շուկայում 47-ից դարձել է 59, ոսպ էր ներկրում 17-ը, ներկայում` 39-ը: Բրնձի ներկրմամբ էր զբաղվում 31, ներկայում՝ 62 տնտեսվարող, ոլոռը 15-ից դարել է 28, ալյուրը 30-ից` 67, մարգարինը` 26-ից` 52:

Արտակ Շաբոյանը առանձնացրեց բանանի շուկան, որտեղ ևս ներկրողներն ավելացել են: Մասնավորապես, եթե նախկլինում բանանի ներկրում իրականցնում էր 9 տնտեսվարող, ապա այժմ` 40:

Հետևեք մեզ նաև Telegram-ում