«Ելք»-ն առաջարկում է խաղասրահ մուտք գործելուց առաջ անձի տարիքը ստուգող մեխանիզմ սահմանել

«Ելք»-ն առաջարկում է խաղասրահ մուտք գործելուց առաջ անձի տարիքը ստուգող մեխանիզմ սահմանել

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում, որով լիազոր մարմնի սահմանած կարգով ստուգում է խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը: Հիմնական զեկուցող, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ընդգծեց, որ նախագծով առաջարկում են նաև մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու՝ խաղասրահ կատարվող այցելությունները սահմանափակել:

Պատգամավորը ներկայացրեց, որ գործող օրենսդրությամբ մինչև 21 տարեկան ֆիզիկական անձինք իրավունք չունեն մուտք գործել խաղասրահի տարածք, խաղադրույք կատարել: «Սակայն մենք որևէ ընթացակարգ չունենք, որ խաղասրահը և խաղերը կազմակերպող սուբյեկտը հսկի տարածքը և դրա համար պատասխանատվություն կրի: Մենք նախատեսում ենք հստակ ընթացակարգ, որ այսուհետ խաղասրահ մուտք գործող անձի անձնագիրը ստուգվելու է: Պետք է ստուգվի՝ արդյո՞ք լրացել է նրա 21 տարին: Առաջին հանգամանքը սա է: Երկրորդ հանգամանքը վերաբերվում է դատարանի որոշմամբ սահմանափակ գործունակ անձ ճանաչվելուն: Եթե անձը դատարանի որոշմամբ սահմանափակ գործունակ է ճանաչվել, լիազոր մարմինը, այսինքն՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը, նշված տվյալների բազան պետք է վարի և այս անձանց մուտքը խաղատներ նույնպես արգելի»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը:

Նա հավելեց, որ մի կարգավորում ևս առաջարկում էին, սակայն կառավարության հետ բանավեճերի արդյունքում գնացին փոխզիջման և հրաժարվեցին այդ կարգավորումից, սակայն ապագայում պատրաստվում են առանձին օրինագծով անդրադառնալ այդ հարցին: «Ինչի՞ մասին էր խոսքը: Անձը, ով ունի թուլություն խաղատներ այցելելու և մեծ գումարներ է տանուլ տալիս, երբ հետագայում գիտակցում է, որ իրեն, իր ընտանիքին դրել է ծանր կացության մեջ, կարող է գնալ լիազոր մարմին, հայտարարություն տալ, որ ինքն իրեն արգելում է մուտք գործել ՀՀ-ում գործող ցանկացած խաղատուն: Դրանից հետո, երբ նա որոշի գնալ որևէ խաղատուն, կստուգվի նրա անձնագիրը, և նրան թույլ չեն տա մուտք գործել խաղասրահ և պարտվել: Մենք այս գաղափարից չենք հրաժարվել և ներկայացնելու ենք այն: Հիմա մենք փոխզիջման ենք գնացել, իսկ մնացած մասով ապագայում նոր նախագիծ կունենանք»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում