Որտեղ ունենք անհամաձայնություն, պարտավոր ենք հասնել ներդաշնակության

Որտեղ ունենք անհամաձայնություն, պարտավոր ենք հասնել ներդաշնակության

Է. Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին.

«Հարգելի խորհրդարան

Մեկնարկել է 2018 քաղաքական տարին, որը ինչպես և սպասվում էր հարուստ է ներքին և արտաքին քաղաքական իրադարձություններով: Ապրիլին մեր երկիրը լիարժեք անցում է կատարելու կառավարման խարհրդարանական համակարգի և մեր` խոհրդարանականներիս, խնդիրն է լինելու օրենսդրական հիմք ապահովել այդ անցման համար: Պետության շահերը պահանջում են, որպեսզի այդ անցումը լինի սահուն և անցնցում: Խորհրդարանը`որպես երկրի բարձրագույն օրենսդիր ներկայացուցչական մարմին, պետք է ապահովի քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, և Ազգային ժողովը, այլ ոչ թե փողոցը, այսուհետ, պետք է լինի ընդդիմության և իշխանության գաղափարական և ծրագրային պայքարի միակ վայրը:

Իհարկե, քաղաքական պայքարի այլ օրինական մեթոդներ էլ կարող են օգտագործվել, բայց, կարծում եմ, առավել արդյունավետ, մանավանդ, պառլամենտական համակարգում, քաղաքական պայքարն է խորհրդարանի ներսում: Մենք` խորհրդարանականներս, պետք է ձգտենք առավել արդյունավետ օգտագործել, մեր լիազորությունների ողջ գործիքակազմը, որպեսզի արդարացնենք հանրության սպասելիքները:

Հարգելի խորհրդարան, մեկ ամսից լրանում է Արցախյան շարժման 30-րդ տարեդարձը: Շարժում, որը մեզ և մեր հայրենիքին տվեց հպարտություն, միասնություն, հաղթանակ և անկախ երկրում ապրելու երջանկություն: Մեր պարտքն է անել հնարավորինն ու անհնարինը հասնելու Արցախի հարցի արդար լուծմանը: Որտեղ ունենք անհամաձայնություն, մենք պարտավոր ենք հասնելու ներդաշնակության և միասնության, իսկ որտեղ ունենք կասկած, պետք է ձեռք բերենք վստահություն ու հավատ: Այսօր Արցախը փաստացի անկախ հանրապետություն է, և Արցախի քաղաքացու ազատությունն ու անկախությունը անշրջելի փաստ է: Մեր գլխավոր խնդիրներից մեկն է լինելու բոլոր միջազգային հարթակներում սատարել արցախահայության աստվածատուր ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացմանը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում