Որոշ ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափերի ավելացումը գների էական բարձրացման չի բերի. ՏՄՊՊՀ

Որոշ ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափերի ավելացումը գների էական բարձրացման չի բերի. ՏՄՊՊՀ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը կարծում է, որ ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված՝ մաքսատուրքերի ավելացումը չի կարող բերել գների էական փոփոխության: Բացի այդ` ըստ Շաբոյանի` վերջին շրջանում ավելացել է ԵԱՏՄ երկրներից սոցիալական նշանակության տարբեր ապրանքների ներմուծումը, ինչը նշանակում է, որ այդ ապրանքները Հայաստան են ներկրվում առանց մաքսատուրքերի, հետևաբար, գնային փոփոխությունների չեն ենթարկվի: «2018 թվականին նախատեսվող դրույքաչափերի փոփոխությունը 1-4 տոկոս է կազմում, չեմ կարծում, որ դա մեծ ազդեցություն կարող է ունենալ: Խոսքն ընդհանուր առմամբ սոցիալական նշանակության 4-5 ապրանքատեսակի մասին է՝ կարագ, հավի միս, ձեթ, ձուկ եւ կաթնամթերք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Արտակ Շաբոյանը:

Պաշտոնյայի դիտարկմամբ` կաթնամթերքի գծով Հայաստանի ներքին պահանջարկը բավարարվում է տեղական արտադրանքի հաշվին, հետևաբար մաքսատուրքերի փոփոխությունն էական ազդեցություն չի կարող թողնել: «Անգամ, եթե կաթնամթերքի արտադրության մեջ որպես հումք կաթի փոշի ենք օգտագործում, դա հիմնականում ներկրվում է ԵԱՏՄ երկրներից, հետևաբար այս մասով ևս էական փոփոխություններ չեն կարող լինել: Ինչ վերաբերում է ձեթին, այն գրեթե ամբողջության ներկրվում է Ռուսաստանից»,-ավելացրեց ՏՄՊՊՀ նախագահը:

Ինչ վերաբերում է սառեցված ձկանը, ապա այն չի համարվում լայն սպառման ապրանք չի, իսկ հայաստանաբնակները հիմնականում նախընտրում են տեղական թարմ ձուկը, որի վրա մաքսատուրքերի փոփոխությունը չի կարող ազդել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում