Մենք ունենք նախագահի թեկնածու, առաջադրել ենք, առաջարկել ենք միանալ

Մենք ունենք նախագահի թեկնածու, առաջադրել ենք, առաջարկել ենք միանալ

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության համար անակնկալ չի լինի, եթե «Ծառուկյան» խմբակցությունը սատարի Նախագահի ՀՀԿ-ի թեկնածուին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Դա իրենց որոշելիքն է՝ ում սատարեն: Մենք ունենք նախագահի թեկնածու, առաջադրել ենք, առաջարկել ենք միանալ: Դեռևս ժամանակ կա, եթե միանան, դրա համար 26 ստորագրություն է հարկավոր, մենք կունենանք նախագահի այլընտրանքային թեկնածու: Եթե դա տեղի չունենա, ապա նախագահի ընտրությունն առաջին փուլում կավարտվի, մանավանդ, եթե «Ծառուկյան» դաշինքը չի բացառում, որ կարող է սատարել ՀՀԿ թեկնածուին»,- նշեց Մարուքյանը:

Հարցին, թե չէի՞ն սխալվում «Ծառուկյան» դաշինքի հարցով, երբ մտածում էին, որ դաշինքը կաջակցի իրենց թեկնածուին, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Մարդիկ հայտարարել են, որ իրենք ընդդիմադիր խմբակցություն են, և մենք օգտվում էինք մեզ տրված լծակներից: Կան նախաձեռնություններ, որոնց համար անհրաժեշտ են ստորագրություններ: Մենք առաջարկում ենք՝ միանում են, թող միանան, չեն միանում՝ գնահատականը տալիս է քաղաքացին: Մենք սխալ հաշվարկ չենք արել»:

Իսկ այն հարցին, թե հնարավո՞ր է, որ «Ելք»-ը նախագահի ընտրության ժամանակ աջակցի ՀՀԿ թեկնածուին, պատգամավորը պատասխանեց. «Այս պահին մենք ունենք մեր թեկնածուն: Չկա ՀՀԿ թեկնածու, չենք քննարկել հարցը, եթե լինի, կքննարկենք: Ես չեմ ասում, որ մենք կքվեարկենք նրա օգտին, բայց կքննարկենք: Ով էլ լինի, ցանկացած թեկնածու, քննարկելու ենք: Եթե այդ թեկնածուին դեմ ենք, պետք է քննարկենք ու ասենք, թե ինչու ենք դեմ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում