Էրդողանը Սիրիայում ԱՄՆ կողմից ստեղծվելիք ուժերի հարցով խոսել է Ստոլտենբերգի հետ

Էրդողանը Սիրիայում ԱՄՆ կողմից ստեղծվելիք ուժերի հարցով խոսել է Ստոլտենբերգի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Միացյալ Նահանգների կողմից Սիրիայում սահմանային ուժեր ստեղծելու մտադրությունը: Էրդողանը Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարին հայտնել է, որ ամերիկյան կողմի նման քայլը բացարձակապես անընդունելի է իրենց համար: Նա հավելել է նաև, որ Սիրիայում տեղի ունեցող զարգացումների դիմաց Թուրքիան պատրաստ է ցանկացած քայլ ձեռնարկել «իր ազգային անվտանգությունը ապահովելու նպատակով»:

Թուրքական լրատվամիջոցների համաձայն՝ Ստոլտենբերգն իր հերթին ասել է, որ ԱՄՆ-ն իրենց հետ որևէ կերպ չի խորհրդակցել Սիրիայում ստեղծվելիք ուժերի հարցի շուրջ: Նա համոզմունք է հայտնել, որ խնդրի լուծման լավագույն տարբերակը դաշնակիցների միջև բաց երկխոսությունն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում