Հայաստանում ահաբեկչության դեմ պայքարի համակարգումը կիրականացնի երկրի վարչապետը

Հայաստանում ահաբեկչության դեմ պայքարի համակարգումը կիրականացնի երկրի վարչապետը

Հայաստանում ահաբեկչության դեմ պայքարն անմիջականորեն իրականացնող սուբյեկտների և պետական կառավարման համակարգի մարմինների գործողությունների համակարգումը, հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբի ձևավորումն ու ընդհանուր ղեկավարումը երկրի նախագահից անցնելու է վարչապետին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որին միաձայն կողմ քվեարկեց 93 պատգամավոր:

Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գործող օրենսդրությունը Սահմանադրությանը համապատասխանեցնելու հրամայականով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության նախագահի ինստիտուտի դերը էականորեն փոփոխվել է: «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով ահաբեկչության դեմ պայքարն անմիջականորեն իրականացնող սուբյեկտների և պետական կառավարման համակարգի մարմինների գործողությունների համակարգումը, հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբի ձևավորումն ու ընդհանուր ղեկավարումը վերապահվում է Հայաստանի Հանրապետության վարչապետին, ահաբեկչության դեմ պայքար իրականացնող հանրապետական գործադիր մարմինները վերանվանվել են պետական կառավարման համակարգի մարմիններ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում