«Միասին մենք ուժեղ կլինենք». Բուլղարիայի դեսպանը ներկայացրեց Եվրոպական միության խորհրդի նախագահության առաջնահերթությունները

«Միասին մենք ուժեղ կլինենք». Բուլղարիայի դեսպանը ներկայացրեց Եվրոպական միության խորհրդի նախագահության առաջնահերթությունները

«Միասին մենք ուժեղ կլինենք». այս կարգախոսով է Բուլղարիան ստանձնում է Եվրոպական միության խորհրդի նախագահությունը: Երևանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին նշեց Հայաստանում Բուլղարիայի դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովան:

«Մեզ համար մեծ պատիվ է ստանձնել նախագահությունը: Ամեն ինչ կանենք մեր աշխատանքը լավագույնս անելու համար: Այս կարգախոսը ընտրել ենք ելնելով ոչ միայն պատմական փորձից, այլև եվրոպական նախագծում եղած կարգավիճակից: Փորձը ցույց է տալիս, որ Եվրոպան հաղթահարում է, երբ միասնական է: Մեր գլխավոր ուղերձն այն է, որ ամեն ինչ անելու ենք ուժեղացնելու Եվրոպական միության միասնականությունը»,-ասաց դեսպանը:

Խոսելով առաջնահերթություններից` դեսպանը կարևորեց կայունությունը, անվտանգությունը, միասնականությունը, նպատակներին փոխհամաձայնությամբ հասնելը: Նա առաջնային համարեց թվային մրցակցային տնտեսություն ունենալը և այդ ուղղությամբ աշխատանքը: «Կասկած չկա, որ մեր ապագան լինելու է թվային: Մտադիր ենք ուժեղացնել թվային ամբողջական շուկայի զարգացումը»,- ասաց նա: Դեսպանը նշեց, որ առաջնային են համարում երիտասարդների զբաղվածության հարցը, տարբեր ծրագրերում նրանց ներգրավվածությունը:

Հայաստանում Բուլղարիայի դեսպանն ընդգծեց, որ նպատակ ունեն շարունակել Արևելյան գործընկերության տարածաչափերը, ուժեղացնել ժողովրդավարական հաստատությունները, իրականացնել տարբեր ծրագրեր: Նա նշեց, որ Հայաստանը կընդգրկվի այդ ծրագրերի մեջ և կլինի ակտիվ մասնակից:

Որպես նախագահող երկիր Բուլղարիան առանձնահատուկ ուշադրություն է դարձնելու անվտանգության հարցերին: Դեսպանը տեղեկացրեց, որ ջանքեր են գործադրվելու Եվրոպական միությունում անվտանգության ուժեղացմանը, արդյունավետ միգրացիոն ծրագրերին: Հայաստանում Բուլղարիայի դեսպանն ընդգծեց մարդու իրավունքների պաշտպանության գծով աշխատանքները:

«Հայաստանում Բուլղարիայի դեսպանություն ունենալը հնարավորություն է տալիս այստեղ ներկայացնելու մեր երկրի նախագահության առաջնահերթությունները: Մենք, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար պարոն Սվիտալսկու թիմի հետ, սերտորեն կոորդինացնելու ենք Հայաստան-ԵՄ կնքված համաձայնագրից բխող աշխատանքները: Շատ ողջունելի է, որ Հայաստանում հետաքրքիր քննարկումներ են ընթանում կնքված համաձայնագրի, դրա ակնկալիքների շուրջ»,-ասաց դեսպանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում