Գալուստ Սահակյանն ունի ՀՀ նախագահի նախընտրելի թեկնածու, սակայն չի շտապում բարձրաձայնել

Գալուստ Սահակյանն ունի ՀՀ նախագահի նախընտրելի թեկնածու, սակայն չի շտապում բարձրաձայնել

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, խորհրդարանի նախկին խոսնակ Գալուստ Սահակյանը ՀՀ նախագահի պաշտոնում նախընտրելի թեկնածու ունի, սակայն այդ մասին բարձրաձայնելու համար վաղ է համարում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ այդ մասին կխոսի, երբ կուսակցությունը կքննարկի այդ հարցը:

Հարցին՝ իր կարծիքը համընկնո՞ւմ է կուսակիցների կարծիքի հետ, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Բնականաբար, ես այն քաղաքական գործիչն եմ, որ երբ ինչ-որ բան ասում եմ, հետևաբար կա մի զանգված, որը կիսում է իմ կարծիքը, կան քննարկումներ, ինչի հիման վրա էլ ես ասում եմ իմ խոսքը»:

Անդրադառնալով դիտարկմանը, թե որոշ ՀՀԿ-ականներ արդեն սկսել են խոսել վարչապետի պաշտոնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին՝ Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ քաղաքականության մեջ անփոխարինելի մարդիկ չկան: «Ես անընդհատ ուրիշ բան եմ ասում, լրագրողներն այլ բան են ասում: Ես ժամանակի ընթացքում այս թեմային անդրադարձել եմ, սակայն հիմա չեմ ուզում նույն խնդրին անդրադառնալ, որովհետև այս պահին նաև քննարկումներ են գնում, թե ով պիտի լինի վարչապետ»,- ասաց նա:

Պատգամավորը հավելեց, որ ինքը երբեք քաղաքականության մեջ անփոխարինելի մարդ չի տեսնում: «Ես ասում եմ, որ ժամանակաշրջանի մեջ կան մարդիկ, ովքեր ավելի լավ կարող են անել իրենց վստահված աշխատանքը»,- եզրափակեց Սահակյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում