Արթուր Դավթյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության դեսպանին

Արթուր Դավթյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության դեսպանին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հունվարի 17-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Թիմուր Ուրազաևին: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով քրեաիրավական ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները: Կարևորվել է հատկապես ԵԱՏՄ շրջանակներում մարդկանց, էլեկտրոնային ծառայությունների ազատ տեղաշարժի պայմաններում քննությունից խուսափող անձանց հայտնաբերելու և նախատեսված ընթացակարգերով միմյանց հանձնելու գործընթացների արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունը:

Բարձր գնահատելով երկու երկրների միջև տարբեր ոլորտներում ծավալվող գործընկերային հարաբերությունները՝ կողմերն անդրադարձել են նաև ՀՀ և ՂՀ դատախազությունների միջև քրեական գործերով իրավական փոխօգնությանը, հանցավորության դեմ պայքարում առավել սերտ գործակցությանն առնչվող՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում