Վահրամ Բաղդասարյանը չի բացառում ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունը քննարկելու հավանականությունը

Վահրամ Բաղդասարյանը չի բացառում ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունը քննարկելու հավանականությունը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Հայաստանի նախագահի թեկնածուի շուրջ քննարկումները կսկսի մոտ օրերս: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Այնպես չէ, որ պետք է լինի մեկ թեկնածու և մենք մի թեկնածուի շուրջ ենք այդ շրջանակում քննարկումը կկազմակերպելու: Հնարավոր է` մի քանի թեկնածուներից մենք ընտրենք մեկ թեկնածուի և ներկայացնենք, քննարկումների արդյուքնում կտեսնենք»,- նշեց Բաղդասարյանը:

Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե ՀՀԿ-ն նախագահի պաշտոնում մտադիր է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի թեկնածությունը՝ Վահրամ Բաղդասարյանը չբացառեց, որ նրա թեկնածությունը կարող է քննարկվել: «Կարծում եմ նրա անձը կարելի է չափորոշիչների մեջ տեղավորել, սակայն մենք դեռ անձերի չենք անդրադարձել: Մոտ օրերս քննարկումները կկամակերպենք անձերի շուրջ, և դուք այդ մասին կիմանաք»,- ասաց պատգամավորը:

Նա հավելեց, որ իրենք պետք է ներկայացնեն այնպիսի թեկնածուի, ով կունենա հանրային ճանաչվածություն, ընդունելի կլինի բոլոր քաղաքական ուժերի կողմից: «Մենք լուրջ խնդիր ենք լուծում. երկրի ճակատագրի, երկրի ղեկավար կազմի առաջին դեմքերի մասին է խոսքը գնում, պետք է կարողանանք այնպիսի թեկնածուի ներկայացնել, որ քաղաքական ուժերի կողմից նույնպես ընկալելի լինի: Քննարկումների և հանդիպումների արդյունքում, երբ թեկանածուն կհանդիպի նաև քաղաքական ուժերի հետ, ինձ թվում է նաև քաղաքական կոնսենսուս կլինի»,- եզրափակեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում