Թուրքիան Աֆրինից հետո կարող է գործողություններ սկսել սիրիական Մանբի բնակավայրում. Մևլութ Չավուշօղլու

Թուրքիան Աֆրինից հետո կարող է գործողություններ սկսել սիրիական Մանբի բնակավայրում. Մևլութ Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ թուրքական ԶՈւ-ն սիրիական Աֆրինում քրդերի դեմ գործողություններ իրականացնելուց հետո կարող է ընդլայնել ռազմական գործողությունները և հասնել Եփրատի արևելյան ափին գտնվող Մանբի բնակավայր:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը:

ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնի հետ հանդիպումից հետո Չավուշօղլուն նշել է, որ այդ գործողություններն ուղղված են թուրքական սահմաններին ուղղված սպառնալիքները վերացնելուն և որ դրանք կանխարգելիչ բնույթ են կրում:

Չավուշօղլուն անդրադարձել է նաև ԱՄՆ կողմից քրդական ուժերին ցուցաբերվող օժանդակությանը և շուրջ 30 հազար քուրդ զինյալներով «Սիրիայի սահմանային անվտանգության ուժերի» ստեղծման՝ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի պլանին և նշել, որ դա սպառնում է թուրք-ամերիկյան հարաբերություններին:

«Այս ամենի արդյունքում թուրք-ամերիկյան հարաբերությունները կարող են հասնել մի փուլի, որտեղից հետադարձ այլևս չի լինի»,-նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում