ՀՀ վարչապետը Իրանի հետ առևտրաշրջանառության թռիչքային աճի ապահովման մեծ ներուժ է տեսնում

ՀՀ վարչապետը Իրանի հետ առևտրաշրջանառության թռիչքային աճի ապահովման մեծ ներուժ է տեսնում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը Իրանի հետ առևտրաշրջանառության, արտահանման և ներմուծման ոլորտներում թռիչքային աճ ապահովելու մեխ պոտենցիալ է տեսնում: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հարցին, վարչապետն ընդգծեց, որ անցած տարվա 10 ամսվա տվյալներով Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը՝ էներգետիկ ոլորտը հանած, կազմել է ընդամենը 62.5 միլիոն դոլար: «Հաշվի առնելով Իրանի շուկան, նրա հնարավորությունները, այդ երկրի բնակչության թիվը, սա, իհարկե, չնչին թիվ է: Անցած տարվա 10 ամսվա տվյալներով մենք Իրանի հետ ունենք ներմուծման և արտահանման 9-10 տոկոս աճ, ինչը նույնպես քիչ է: Մենք Իրանի մեր գործընկերների հետ խոսել ենք, որ այստեղ շատ լուրջ անելիքներ ունենք, քանի որ թռիչքային աճ ապահովելու մեծ պոտենցիալ կա: Մեզ այդ հնարավորությունը տալիս է նաև Մեղրի ազատ տնտեսական գոտին»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց վարչապետը:

Անդրադառնալով հայ-իրանական երկաթգծի կառուցման հնարավորության և ժամկետների վերաբերյալ հարցին՝ վարչապետն ընդգծեց, որ այդ երկաթուղու կառուցումը ինքնանպատակ չպետք է լինի: Վարչապետը նշեց, որ երկաթուղու կառուցումը կախված է ապրանքային հոսքերի ծավալից, որ հնարավոր է այդ տարանցիկ երկաթգծով իրականացնել:

Խոսելով Մեղրի ՀԷԿ-ի մասին՝ Կարեն Կարապետյան ընդգծեց, որ մասնավոր ներդրողի կողմից հետաքրքրություն կա, ինչը հանգեցրել է նրան, որ իրանական կողմը ևս այդ հարցի վերաբերյալ հետաքրքրություն է ցուցաբերում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում