Արցախի կառավարությունը խթանելու է արեւային էներգետիկայի հեռանկարային ուղղության աստիճանական զարգացումը

Արցախի կառավարությունը խթանելու է արեւային էներգետիկայի հեռանկարային ուղղության աստիճանական զարգացումը

Արցախի կառավարությունը մտադիր է հանրապետությունում կայացած եւ բարձր արդյունավետություն ունեցող ջրային էներգետիկային զուգահեռ, խթանելու նաև արեւային էներգետիկայի հեռանկարային ուղղության աստիճանական զարգացումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամփոփելով 2017 թվականի գործունեության արդյունքները եւ ներկայացնելով ընթացիկ տարվա հիմնական ծրագրերը՝ նման դիտարկում է կատարել Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը:

Խոսելով Արցախում վերականգնվող, մասնավորապես՝ արևային էներգետիկայի զարգացման մասին՝ ԱՀ պետական նախարարը հիշատակել է Շուշիի շրջանի Քարին տակ համայնքում բնակելի տները ջրատաքացման նպատակով արևային մարտկոցներով կահավորելու փորձնական ծրագիրը:

«Բացի Շուշիի շրջանից, համանման ծրագիր է կյանքի կոչվելու նաև Ասկերանի շրջանում, որտեղ հանրային նշանակության շինություններն անցնելու են վերականգնվող էներգիայի սպառման։ Ինչպես գիտեք, այս ծրագրերն իրականացվելու են նախորդ տարվա հեռուստամարաթոնի ժամանակ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած միջոցներով»,– նշել է նա:

Պետական նախարարի տեղեկացմամբ՝ նախատեսված է նաև Ասկերանի շրջանի Իվանյան բնակավայրում 1 մՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանի կառուցում, որը կյանքի է կոչվելու օտարերկրյա ներդրումային միջոցներով։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում