Մանկական առողջապահական հաստատությունները «համաճարակաբանական ֆիլտր» են կազմակերպել

Մանկական առողջապահական հաստատությունները «համաճարակաբանական ֆիլտր» են կազմակերպել

Հայաստանում նվազել են սուր շնչառական վարակներով ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիությունը և շտապ օգնության կանչերը: Իրավիճակը կայունանում է: Հունվարի 17-ի տվյալներով` հանրապետության ստացիոնարներում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 681 հիվանդ: Վիրուսային ծագմամբ թոքաբորբերով հոսպիտալացված հիվանդներն ունեն առողջացման դրական տեղաշարժ:

Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Երևանում ու մարզերում սուր շնչառական վարակներով բժշկական հաստատություններ հիմնականում դիմում են երեխաների հարցով: Հաշվի առնելով այդ, առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, հանրապետության մանկական հաստատություններում, որպես կանխարգելիչ միջոցառում, կազմակերպվել է «համաճարակաբանական ֆիլտր»՝ գրիպանման երևույթներով հիվանդ երեխաների մուտքը բացառելու և սուր շնչառական վարակներով իրավիճակի հետագա բարդություններից խուսափելու համար:

Միջոցառումն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարաների մասնագետների ներգրավմամբ:

Գրիպից և սուր շնչառական վարակներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է.

հնարավորինս նվազեցնել շփումը, հատկապես՝ երեխաների, գրիպանման երևույթներով հիվանդների հետ,

գրիպանման երևույթների առկայության դեպքում մի հաճախեք աշխատանքի, երեխաներին մի թույլատրեք հաճախելու մանկական հաստատություններ,

հիվանդ լինելու դեպքում մի զբաղվեք ինքնաբուժմամբ և դիմեք բժշկական օգնության,

օգտագործեք շատ հեղուկներ,

հաճախակի օդափոխեք փակ տարածքները,

հաճախ լվացեք ձեռքերը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում