«Ժողովուրդ». ՊՆ համարներով կարող են ազատ երթևեկել միայն գործող վարչության պետերը

«Ժողովուրդ». ՊՆ համարներով կարող են ազատ երթևեկել միայն գործող վարչության պետերը

«ՀՀ ՊՆ համարանիշներով մեքենա վարելը Հայաստանում տարիներ շարունակ եղել է արտոնություն, որից օգտվել են անգամ նախարարության հետ առնչություն չունեցող անձինք: Նախ՝ այդ մեքենաներին ճանապարհային ոստիկանության տեսուչները չեն կանգնեցրել և տուգանել, բացի այդ` ՊՆ պետհամարանիշով մեքենաների վարորդները չեն տուգանվել նաև տեսախցիկների արձանագրած խախտումների համար:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ապրիլյան պատերազմից հետո ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հրամանով ՊՆ-ի հետ կապ չունեցող մարդկանցից, այդ թվում պաշտոնաթող բարձրաստիճան սպաներից ետ են վերցրել ՊՆ համարանիշները: Դրանցից ունեցել են գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը, նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, Երգի պետական թատրոնի ղեկավար Արթուր Գրիգորյանը, և այլք:

Հիմա էլ թերթը տեղեկացրել է, որ նախարար Վիգեն Սարգսյանը հրահանգել է, որ նախարարության համարներով կարող են ազատ երթևեկել միայն գործող վարչության պետերը, նրանց տեղակալները և առանձին բաժնի պետերը: Բացի այդ` նա հրահանգել է արձանագրված խախտումների համար տուգանքների ծանուցագրերն անպայման ուղարկել հասցեատերերին:

«Փաստորեն, Հայաստանի իշխանություններին ապրիլյան պատերազմ էր պետք, որպեսզի ուշքի գան և գոնե բանակի առումով վերջ դնեն ապօրինություններին, արտոնյալ կարգավիճակին և այսպես շարունակ»,-մեկնաբանել է «Ժողովուրդ»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում