«Հրապարակ». Մարտունու քաղաքապետարանի վրա նոր տարին թանկ է նստել

«Հրապարակ». Մարտունու քաղաքապետարանի վրա նոր տարին թանկ է նստել

Մարտունու համայնքապետ Արմեն Ավետիսյանը, ով այդ պաշտոնում ընտրվել է 2016-ի աշնանը, «Հրապարակ»-ի փոխանցմամբ, շռայլ ծախսեր է արել տարեվերջին՝ անտեսելով համայնքային բյուջեի միջոցները խնայողաբար օգտագործելու կառավարության հորդորը: Մասնավորապես՝ ամանորյա միջոցառումների կազմակերպման նպատակով նա համայնքի 2017թ․ բյուջեից 2 միլիոն 600 հազար դրամ է ծախսել՝ մոտ 5 հազար 400 դոլար: Այդ գումարից մանկապարտեզների երեխաներին նոր տարվա նվերներ գնելու համար հատկացրել է 950 հազար դրամ, նույնքան գումար էլ հատկացվել է համայնքի Մյասնիկյանի անվան հրապարակի տոնական լուսավորության, հրավառության պարագաների գնման համար: Իսկ, ահա, տարեմուտի հանդեսի համար սննդի գնման նպատակով ծախսվել է 700 հազար դրամ:

Հիշեցնենք, որ ընտրվելով համայնքապետի պաշտոնում, Ավետիսյանը թերթի հետ զրույցում ասել էր. «Ես ամեն ինչից կուշտ մարդ եմ, քաղաքապետարանի ոչ մի կոպեկի վրա աչք չեմ դրել»՝ հավելելով, որ առաջին հերթին վերացնելու է կոռուպցիան, քաղաքապետարանն էլ «լինելու ա ժողովրդին ծառայող»:

Նա նաև վերջերս քննադատել էր ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին՝ աղքատության մասին հայտնի արտահայտության առթիվ, և վերջինիս անվանել «մարտունեցու պատիվը վարկաբեկող» մարդ:

Նշենք, որ Մարտունու համայնքապետի աշխատավարձը 440 հազար դրամ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում