Կարեն Կարապետյանը շինարարության ոլորտում 2018-ին աշխուժություն է ակնկալում

Կարեն Կարապետյանը շինարարության ոլորտում 2018-ին աշխուժություն է ակնկալում

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շինարարության ոլորտում 2018 թվականին ակնկալում է որոշակի աշխուժություն: Այդ մասին վարչապետը նշեց կառավարության նիստում՝ ավելացնելով, որ 2017 թվականի ընթացքում շինարարության ոլորտում արձանագրվել է զգալի աճ և առաջիկայում ակնկալվում է այդ տեմպերի ավելացում։

«Doing Business-ի 2018 թվականի զեկույցում անդրադարձ էր կատարվել շինարարական թույլտվությունների տրամադրման ոլորտին և արձանագրվել էին որոշակի խնդիրներ, ինչի կապակցությամբ 2017 թվականի նոյեմբերի 16-ին տրվել էր համապատասխան հանձնարարական։ Միաժամանակ իրականացված ուսումնասիրությունների և կառուցապատողների հետ հանդիպումների արդյունքում առաջացել է շինարարության ոլորտում առկա վարչարարության, իրավական ակտերով նախատեսված ընդհանուր պահանջների պարզեցման և հստակեցման անհրաժեշտություն»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը տարածքային կառավարման և զարգացման նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, մարզպետներին հանձնարարեց և Երևանի քաղաքապետին առաջարկեց մեկամսյա ժամկետում մշակել շինարարության ոլորտի ամբողջ գործընթացի հստակեցման և իրավասու մարմինների վարչարարության, թույլտվությունների, եզրակացությունների տրամադրման կարգերի պարզեցման, հայեցողական լիազորությունների հստակեցմանն ուղղված առաջարկությունների փաթեթ և ներկայացնել կառավարության աշխատակազմ։

Կառավարության աշխատակազմի ղեկավարին և Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարվեց 10-օրյա ժամկետում կառուցապատողների, ներդրողների մասնակցությամբ կազմակերպել խորհրդակցություն՝ նախապատրաստելով բոլոր շահագրգիռ կառույցներին:

«Մենք շինարարության ոլորտում 2018 թվականին ակնկալում ենք որոշակի աշխուժություն, պետք է մաքսիմալ լսել ինչն է իրենց խանգարում և շատ պարզ, հստակ մեխանիզմ դնել, որը տարբեր մեկնաբանությունների քիչ տեղիք կտա»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում