Աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումն արգելող օրինագիծը արժանացավ կառավարության հավանությանը

Աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումն արգելող օրինագիծը արժանացավ կառավարության հավանությանը

Կառավարությունը հավանություն տվեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ նախատեսվում է 2018 թվականի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների «բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկություն:

«Հայաստանի Հանրապետությունում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը ունի սահմանափակ տեսանելիություն: Մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումը սկսելու, երթևեկության գոտի վերադասավորվելու, երթևեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու և այլ դեպքերում: Հաշվի առնելով վերը նշվածը ՀՀ կառավարության կողմից 2018 թվականի ապրիլի 1-ից արգելվել է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը և հաշվառումը»,- ասաց նախարարը:

Բարձրացված խնդրին ամբողջական լուծում տալու համար ներկայացված նախագծով առաջարկվում է ժամանակավոր՝ 2018 թվականի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ՀՀ տարածք, մինչև Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 877 որոշման մեջ լրացում կատարելու և աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող երկրների ցանկում համապատասխան լրացում կատարելը:

Միաժամանակ, մեկ այլ հարցով ՀՀ կառավարությունը կքննարկի «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն անհետաձգելի համարելու հարցը:

Գործադիրը հունվարի 11-ի նիստում հաստատել էր երկու որոշման նախագիծ, որոնցով առաջարկվում էր ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն: Նախագծերով նախատեսվում է նաև մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը Հայաստան ներմուծված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների սեփականատերերի սեփականության տնօրինման իրավունքը. գործող սեփականատերերը, ըստ նախագծի, կարող են ազատ շահագործել, հաշվառել և վերահաշվառել իրենց տրանսպորտային միջոցները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում