Հնարավոր է, պարբերաբար պոպուլիստական առաջարկություններ ներկայացվեն. Վարչապետն անդրադարձավ «Ծառուկյան» խմբակցության նախագծին

Հնարավոր է, պարբերաբար պոպուլիստական առաջարկություններ ներկայացվեն. Վարչապետն անդրադարձավ «Ծառուկյան» խմբակցության նախագծին

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի ու Վարդևան Գրիգորյանի կողմից ներկայացված «Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը նշեց, որ կառավարությունն արդեն իսկ իրականացնում է գյուղատնտեսության ռիսկերի նվազեցման ու աջակցման ծրագրեր շուկայական մեխանիզմների կիրառմամբ, մասնավորապես, հակակարկտային ցանցերի, կաթիլային ոռոգման նպատակով տրամադրվող վարկերի սուբսիդավորման ու այլ ծրագրերի միջոցով:

«Մինչդեռ, նախագծով գյուղատնտեսության պետական աջակցության հիմնական շեշտը դրվում է ոչ շուկայական մեխանիզմների վրա ու ենթադրում է պետության կողմից որևէ կերպ չսահմանափակված պայմանական պարտավորության ստանձնում», – ասաց փոխնախարարը՝ ավելացնելով, որ սա բավականին խնդրահարույց է պետական բյուջեի ծախսման մասին պլանավորման տեսանկյունից:

«Կառավարությունը նախագծի հեղինակներին առաջարկում է համագործակցել գյուղատնտեսության գործունեության մասին օրենքի նախագծի շրջանակում, իրենց առաջարկները համադրել նշված օրենքի նախագծի մոտեցումներին ու հանդես գալ միասնական համատեղ նախագծով», – ասաց Մակարյանը:

Վարչապետ Կարապետյանը հետաքրքրվեց՝ նախաձեռնության մեջ արդյո՞ք ֆինանսական հաշվարկ կա:

Գյուղատնտեսության փոխնախարարը բացասական պատասխան տվեց:

«Այդպես ո՞նց կլինի, վաղը նախաձեռնելու են` եկեք բոլորին փող տանք, եկեք բոլոր հարկերն ազատենք: Եթե տակը հաշվարկ չկա, ինչպե՞ս որոշենք ճիշտ է, սխալ է, գուցե այդ նախաձեռնությունների մեջ որոշակի նման հայտանիշնե՞ր ձևակերպենք», – հարցրեց վարչապետը: Կարեն Կարապետյանը նկատեց, որ այսպես հնարավոր է պարբերաբար պոպուլիստական առաջարկություններ ներկայացվեն կառավարությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում