Կառավարությունը դեմ է ռեյտինգային ցուցակներն Ընտրական օրենսգրքից հանելուն

Կառավարությունը դեմ է ռեյտինգային ցուցակներն Ընտրական օրենսգրքից հանելուն

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին, որով առաջարկվում է զերծ մնալ տարածքային ցուցակներից:

«Ներկայացված փաստարկները, որ գործող համամասնական համակարգը շեղված է մաքուր համամասնականից ու նմանվում է մեծամասնականին, սխալ պնդում է. մեծամասնական համակարգն ինքնին վատ բան չէ, այլ խնդիր է, որ յուրաքանչյուր երկրում պետք է իրեն բնորոշ համակարգ լինի», – ասաց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ ավելացնելով, որ ցուցակների փակ մասին հատկացված է 50 տոկոս տեղ, այլ երկրներում ավելի քիչ է հատկացվում, իսկ պատգամավորներն առաջարկում են 100 տոկոսով անցնել փակ ցուցակների:

«Մեր գործող համակարգը 50/50 է, որևէ հիմնավորում չենք տեսնում փոփոխություն կատարելու, եթե անցնեինք այդ համակարգին ամբողջությամբ, կունենայինք իրավիճակ, որ անձն ընտրություն կկատարեր միայն կուսակցության օգտին ու չէր իմանա, թե որ պատգամավորն է իրեն ներկայացնելու, խորհրդարանում դեմքով չէր իմանա իր պատգամավորին, իսկ ընտրողը պետք է իմանա, թե ով է իր պատգամավորը»,- նկատեց նախարարը:

Գործող ընտրական օրենսգրքով սահմանված դրույթների համաձայն` 101 պատգամավոր ընտրվում են երկաստիճան համամասնական համակարգով` կուսակցական ցուցակներով ու 13 ընտրական տարածքների ցուցակներով: Քվեաթերթիկը ներառում է կուսակցության համա­մաս­­­նական ցուցակը և տվյալ ընտրական տարածքի ցուցակը: Տարածքային ցուցակի թեկնա­ծու­­ները պետք է լինեն նաև համամասնական ցուցակում, իսկ ընտրողը կարող է որևէ կուսակ­ցու­թյան ցուցակն ընտրելուց բացի նախընտրություն տալ տարածքային ցուցակում ընդգրկված թեկնածուներից մեկին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում