ՀՀԿ նախագահի թեկնածուն նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է

ՀՀԿ նախագահի թեկնածուն նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է

Հ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկայացրեց Հանրապետական կուսակցության կողմից առաջադրած հանրապետության նախագահի թեկնածուի անունը: ՀՀԿ թեկնածուն Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան, ՀՀ նախկին վարչապետ (1996-1997) Արմեն Սարգսյանն է:

Հանդիպումը տեղի է ունեցել այսօր նախագահի նստավայրում:

Արմեն Սարգսյանը ծնվել է 1953 թվականին: Հետազոտությունների միջազգային ինստիտուտի և Բրիտանական աստղագիտական ընկերության, Համահայկական ակադեմիական և գիտական ընկերության պատվավոր անդամ է, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու։

1992-1996 թթ. եղել է ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում, 1993-1994 թթ.՝ ՀՀ գլխավոր դեսպան Եվրոպայում, ՀՀ դեսպան Եվրամիությունում: 1995-1996 թթ.՝ ՀՀ դեսպան Բելգիայում, Նիդերլանդներում, Վատիկանում, Լյուքսեմբուրգում:

1996 թվականից մինչև 1997 թ-ի փետրվար եղել է ՀՀ վարչապետ, 1998-2000 թվականներին՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում:

2013 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ նախագահի հրամանագրով կրկին նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

Արեմն Սարգսյանը «Knightsbridge Group» ընկերության հիմնադիրն է, որը բաղկացած է արդյունաբերության տարբեր ճյուղերում գործող ավելի քան 15 ընկերություններից, որոնք ներգրավված են Եվրոպայի, Ռուսաստանի, Չինաստանի, Մոնղոլիայի, Հնդկաստանի և Ղազախստանի նախագծերում:

Բացի այդ, նրա հիմնադրած «Highbury Grup»-ի կազմում գործող «Ленинград» կորպորացիան Ռուսաստանի հյուսիսարևելյան շրջանում էլեկտրաէներգետիկ և ինժեներական խոշոր ծրագրեր իրականացնող «Энергопроект» ընկերության բաժնետերն է:

Ավելի վաղ, մտավորականների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նշել էր, որ ապագա նախագահը պետք է լինի անկողմնակալ մարդ, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել:

Սահմանադրության համաձայն՝ հանրապետության նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով: Հանրապետության նախագահին ընտրում է Ազգային ժողովը:

Այս պահին միայն ընդդիմադիր «Ելք» կուսակցությունն է հայտարարել նախագահի իր թեկնածուի մասին: «Ելք»-ը կառաջադրի Արտակ Զեյնալյանին:

«Դաշնակցությունը» կսատարի Հանրապետականի թեկնածուին: Իսկ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ավելի վաղ չէր բացառել, որ նախագահի ընտրություններում ևս կաջակցի իշխող կուսակցության թեկնածուին:

Ըստ նախնական տվյալների, նախագահի ընտրությունը Ազգային ժողովում տեղի կունենա մարտի 2-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում