Քաղաքագետը բանակցային գործընթացում ակտիվացում չի կանխատեսում

Քաղաքագետը բանակցային գործընթացում ակտիվացում չի կանխատեսում

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ակտիվացում մոտ ժամանակներս չի ակնկալում:

Լրագրողների հետ հանդիպմանը Իսկանդարյանն ասաց, որ Մայդորֆյան բանակցությունների ձախողումից հետո համանախագահները ավելի շատ զբաղվում են ոչ թե հակամարտության կարգավորմամբ , մենեջմենթով: «Նրանց գործողությունները ավելի շատ սահմանին բռնություններն ու էսկալացիաները բացառելու նպատակ ունեն: Վերջին տարիներին դա նրանց հաջողվում է»,-ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով` արցախյան հակամարտությունն այն փուլում չէ, որ հնարավոր լինի որեւէ փոփոխություն ակնկալել: «Ավելի շուտ ակտիվացում կլինի ոչ թե կարգավորման, այլ սահմանին լարվածության մեծացման հետ կապված»,-հավելեց բանախոսը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ հունվարի 18-ին Կրակովում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը։ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները և համանախագահները քննարկել են հակամարտության գոտում լարվածության նվազեցման ուղղությամբ հավելյալ քայլերի իրականացումը և բանակցային գործընթացի ակտիվացման հնարավորությունները։

Հանդիպման արդյունքում որոշվել է, որ փետրվարի առաջին կեսին եռանախագահները կայցելեն տարածաշրջան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում