Շատ լավ գիտենք՝ ինչու մինչ օրս չեն հայտնաբերվել Դինքի մարդասպանները. Սելինա Դողան

Շատ լավ գիտենք՝ ինչու մինչ օրս չեն հայտնաբերվել Դինքի մարդասպանները. Սելինա Դողան

Թուրքիայի մեջլիսի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության հայ պատգամավոր Սելինա Դողանը Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցին հայտարարություն է հրապարակել՝ նշելով, որ տարիներ անց անգամ Դինքը չի մոռացվել և չի մոռացվելու: 

«Նրա հանցանքը մեծ էր, ջանքեր էր գործադրում հասարակության լայն շրջանակներին տեսանելի դարձնել անցյալում ու մեր օրերում Անատոլիայի հայերի վերապրածները: Այնքան մեծ էր նրա գործած «հանցանքը», որ սկզբում թիրախավորվեց: Նրա դեմ հրապարակումներ արվեցին, դատական գործեր հարուցվեցին: Ի վերջո 17 տարեկան մի երեխայի ձեռքը զենք դրեցին և սպանեցին հենց «Ակոս»-ի դիմաց, ուր Դինքը երեխայի նման մեծացրել էր:

Սպանությունից 11 տարի անցավ: Մինչ օրս հայտնի չէ, թե ովքեր են մինչև ամենափոքր դետալը ծրագրված հանցագործության հետևում կանգնած: Արդարությունը կրկին իր տեղը չգտավ:

Որպես իրավաբաններ, իրավապաշտպաններ և քաղաքական գործիչներ շատ լավ գիտենք, թե ինչ է նշանակում այն, որ մինչ օրս մեղավորները հայտնաբերված չեն:

Որքան էլ որ քաղաքական իշխանությունները մատնանշեն այլ կողմ, այս հանցագործության քաղաքական պատասխանատվությունից չեն կարող փախչել: Իշխանությունները սպանության մեղավորներին հայտնաբերելու փոխարեն ստեղծել են քաղաքական կոնյունկտուրա՝ նման նրան, որը Հրանտ Դինքին տարավ մահվան: Ատելության խոսքը շարունակում է թափ հավաքել, խտրականությունը հասարակությունում շատ է ինչպես երբևէ:

Այս ատելության մթնոլորտը հնարավոր է հաղթահարել միայն ժողովրդավարական հանրության միավորման միջոցով:

Չենք մոռացել, չենք մոռանալու…»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում