Դինքի մարդասպանները ֆաշիստներ են. թուրք մտավորական

Դինքի մարդասպանները ֆաշիստներ են. թուրք մտավորական

Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հիմնադիր Հրանտ Դինքին ուղիղ 11 տարի առաջ փողոցի մեջտեղում սպանելով՝ այդ հանցագործության կազմակերպիչները ցույց տվեցին, որ վտանգավոր են համարում հայկական տեսակետների բարձրաձայնումը: Այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասաց թուրք գրող, քաղաքական ակտիվիստ, թարգմանիչ, ակադեմիկոս Մուրադ Բելգեն:

-Դինքի մահվանից 11 տարի է անցել, սակայն նրա սպանության իրական մեղավորները դեռևս հայտնաբերված չեն: Կարելի՞ է ակնկալել, որ մերօրյա Թուրքիայում ճշմարտությունն ի վերջո կբացահայտվի:

-«Իրական մեղավորներ» ասվածը շատ լայն իմաստ ունի: Դատական գործընթացը դեռևս չի պարզել հիմնական որոշում ընդունողներին: Այդ իսկ պատճառով հույս չունեմ, որ մոտ ապագայում (այստեղ «մոտ ապագա» ասվածը կարծում եմ մոտ 50 տարի կարող է տևել) որևէ զարգացում կլինի: Իհարկե, այս հարցում մի բան է լավատես չլինելը, սակայն մեկ այլ բան դատական գործին չհետևելը: Անհրաժեշտ և կարևոր է դատական գործընթացը կենդանի պահել:

– Ինչո՞ւ էր պետք լռեցնել Դինքին:

-Հարցին (խմբ.- խոսքը Հայոց ցեղասպանության մասին է) Հրանտի մոտեցումը ամենադրականն էր, որը երբևէ կարող էր լինել Թուրքիայի համար: Նա «վրիժառու» չէր: Կատարվածը չէր դիտարկում որպես մի երևույթ, որին մասնակցել էին բոլոր թուրքերը: Երկիրը սիրում էր այնպես, ինչպես այն կար: Հավատում էր, որ կարելի է միասին անիծել կատարվածը, ապա միասին ապրել:

Բայց չնայած այս ամենին՝ նրան սպանեցին: Նրանք, ովքեր տրամաբանորեն մտածելով նման որոշում են ընդունել, այս հարցում պատրաստ չեն որևէ ճկունության: Այդ քայլին գնացին այն մարդիկ, ովքեր կարծում էին, թե Հրանտի նման խելամիտ և սիրված մեկի կողմից հայկական տեսակետի պաշտպանվելը վտանգավոր է իրենց համար: Մարդիկ, ովքեր ամբողջ գործիքակազմով ֆաշիստներ են:

– Ի՞նչ կասեիք Դինքին, եթե այսօր հնարավորություն ունենայիք տեսնել նրան:

-Եթե այսօր նրան տեսնեի, կասեի. «Հեյ, շատ եմ քեզ կարոտել: Որտե՞ղ էիր»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում