Ալեքսանդր Մարկարովն Արմեն Սարգսյանին համարում է հայաստանյան շատ քաղաքական ուժերի կողմից ընդունելի թեկնածու

Ալեքսանդր Մարկարովն Արմեն Սարգսյանին համարում է հայաստանյան շատ քաղաքական ուժերի կողմից ընդունելի թեկնածու

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը կարծում է, որ իշխող Հանրապետական կուսակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրել է այն նկատառումով, որ վերջինս անհրաժեշտության դեպքում կկարողանա երկխոսություն ձևավորել տարբեր քաղաքական ուժերի, ինչպես նաև հանրության և իշխանության միջև: Նա այն կարծիքին է, որ Արմեն Սարգսյանն այն թեկնածուն է, ում օգտին կարող է քվեարկել ոչ միայն քաղաքական մեծամասնությունը, այլ նաև խորհրդարանում ներկայացված այլ քաղաքական ուժեր:

Ալեքսանդր Մարկարովը, անդրադառնալով ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու իշխող Հանրապետական կուսակցության որոշմանը, նշեց, որ Արմեն Սարգսյանը համապատասխանում է այն պատկերացումներին, որ ձևավորվել էին Հանրապետական կուսակցության շրջանակներում այս պաշտոնին հավակնող թեկնածուի վերաբերյալ:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունն անցում է կատարել կառավարման խորհրդարանական համակարգի, փոփոխության են ենթարկվում նախագահի լիազորությունները և ընտրության գործընթացն ու կարգը` պարզ է, որ կան ֆորմալ սահմանադրական պահանջներ, որոնք ներկայացված են նախագահի թեկնածուի համար, ինչպես նաև յուրաքանչյուր կուսակցություն ինքը ունի իր պատկերացումը, թե ինչ չափանիշների պետք է համապատասխանի այն թեկնածուն, որին պատրաստվում է առաջադրել: Մասնավորապես, Հանրապետական կուսակցությունը կարծում էր, որ այդպիսի թեկնածուն պետք է լինի հայտնի անձ քաղաքականության մեջ, սակայն միևնույն ժամանակ վեր լինի տարբեր նեղ քաղաքական շահերից, պետք է միջազգայնորեն հայտնի լինի և պետք է ունենա կառավարման փորձ: Ելնելով այդպիսի դիրքորոշումից և նպատակասլացությունից` կատարվում էր պոտենցիալ թեկնածուների որոնումը, որոնք հետագայում կարող էին առաջադրվել տվյալ կուսակցության կողմից: Արմեն Սարգսյանը համապատասխանում է այն պատկերացումներին, որոնք ձևավորվել էին Հանրապետական կուսակցության պատկերացումներին այս պաշտոնին հավակնող թեկնածուի վերաբերյալ»,- ասաց քաղաքագետը:

Մարկարովի գնահատմամբ` ՀՀԿ-ն նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրել է` ելնելով այն հանգամանքից, որ Արմեն Սարգսյանն անձ է, ով հայտնի է ՀՀ-ում քաղաքականության մեջ և միաժամանակ ընդունելի է ոչ միայն քաղաքական մեծամասնության կողմից, այլ նաև հանդես է գալու որպես թեկնածու, ում օգտին կարող են քվեարկել խորհրդարանում ներկայացված այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: «Դրա հետ զուգահեռ` նրան առաջադրում են որպես մարդ, ով ունի քաղաքականության մասնակցելու փորձ, անհրաժեշտության դեպքում կարող է ձևավորել երկխոսություն տարբեր քաղաքական ուժերի միջև, հանրության և իշխանության միջև, մարդ, ով կկարողանա իրականացնել ներկայացուցչական գործընթացները, ինչպես Հայաստանում այնպես էլ Հայաստանից դուրս»,- ընդգծեց Մարկարովը:

Քաղաքագետը հատկանշական է համարում այն հանգամանքը, որ Արմեն Սարգսյանը ժամանակ է խնդրել,որպեսզի հանդիպումներ ունենա Հայաստանի քաղաքական ուժերի, Արցախի ղեկավարության և հայկական սփյուռքի կառույցների հետ: Ալեքսանդր Մարկարովի խոսքով` սա ցույց է տալիս, որ Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնում իր պոտենցիալ առաջադրումը դիտարկում է ոչ միայն գործառույթ, որը իր մեջ ներառում է միայն ծառայություն Հայաստանի Հանրապետությանը, այլ գործառույթ, որը ներառում է Հայաստանը, Արցախն ու սփյուռքը:

Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի պաշտոնի համար ՀՀԿ-ի թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ, Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն հունվարի 19-ին նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել նրա հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում