Եվրամիությունը ֆինանսապես կաջակցի Հայաստանի տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված եւս 5 նախաձեռնության

Եվրամիությունը ֆինանսապես կաջակցի Հայաստանի տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված եւս 5 նախաձեռնության

Հայաստանի տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված եւս 5 ծրագիր կիրականացվի Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և քաղաքացիական հասարակության հինգ կազմակերպությունների ներկայացուցիչներ հունվարի 19-ին ստորագրեցին հինգ նոր դրամաշնորհային պայմանագրեր՝ ուղղված ժողովրդավարական կառավարման եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտների բարելավմանը:

Պյոտր Սվիտալսկին նշեց, որ այս ծրագրերը բազմազան են, այսպիսով` առնչվում են յուրաքանչյուրին:

«ԵՄ պատվիրակությունը մեկնարկում է հանրային կարևորության հինգ նոր ծրագիր՝ ուղղված քաղաքացիական հասարակության զարգացմանը։ Այն քաղաքացիներին կներգրավի կառավարման և մարդու իրավունքների ոլորտի տարբեր գործողություններում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Պյոտր Սվիտալսկին՝ ընդգծելով, որ լիահույս է, որ այս նոր ծրագրերը կխրախուսեն ավելի մեծ թվով երիտասարդներին ու հասարակ քաղաքացիներին ներգրավվել Հայաստանում մի շարք կարեւոր հանրային քննարկումների մեջ։

Հայաստանի քաղաքացիական հասարակությունը կտրամադրվի 1.74 մլն եվրո նոր ծրագրերի համար:

«Այս ծրագրերն ընդգրկում են բազմազան ոլորտներ՝ փակ հաստատություններում մարդու իրավունքներին առնչվող, կանանց կողմից ղեկավարվող կազմակերպություններին ու պետական քաղաքականությանն առնչվող հարցեր, բյուջեի կատարմանն, ինչպես նաև էներգիայի ծախսերի կրճատման հարցեր»,– ասաց Պյոտր Սվիտալսկին։

Նա նաեւ նշեց, որ այս ծրագրերը նշանավորում են Հայաստանի եւ Եվրամիության միջեւ 2017 թվականին նոյեմբերի 24-ին ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում:

Այսպիսով, «Հանրային հայացք՝ փակ աշխարհին, փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի մասին իրազեկման բարձրացում» երկամյա ծրագիրն իրականացնում են «Հանրային լրագրության ակումբ»-ը եւ «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն:

«Տեղեկատվության մատչելիություն եւ հետաքննական լրագրության առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագիրն իրականացվում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի եւ Մաաստրիխտում գործող եվրոպական լրագրության կենտրոնի կողմից:

«ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. էներգախնայողությունը Հայաստանի համայնքներում» ծրագիրը երկամյա նախաձեռնություն է, որի նպատակն է ներգրավել հասարակության լայն շերտերի էներգիայի արդյունավետության վերաբերյալ քաղաքացիական ընկալման վերանայման գործում որպես Հայաստանում աղքատության նվազեցման եւ վերացման ուղի:

«Դրական փոփոխություն քաղաքացիական հասարակության կարողությունների հզորացման միջոցով» ծրագիրը երկամյա նախաձեռնություն է, որը կիրականացվի «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ» հայաստանյան մասնաճյուղի եւ երկու ՔԿՀ-ների՝ «Հանրային քաղաքականության ինստիտուտ» եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից:

«ԵՄ-ն կանանց համար, տնտեսական հզորացում սոցիալական ձեռնարկությունների միջոցով» ծրագիրը նույնպես երկամյա ծրագիր է, որն իրականացվում է Միացյալ Թագավորությունում Մերձավոր Արեւելքի հիմնադրամի եւ Կանանց զարգացման ռեսուրսային կենտրոնի կողմից:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանը նշեց, որ մեծապես արժեւորում է Եվրամիության հետ համագործակցությունը եւ միմյանց միջեւ առկա վստահությունը:

«Քաղհասարակությունը միշտ էլ պայծառ, նորարական գաղափարներ ունի, հենց դրա համար էլ այն ստեղծված է, բայց ցավոք, երբեմն բավարար միջոցներ չունի այդ գաղափարները կյանքի կոչելու համար: Ես շատ կարեւորում եմ այդ վստահությունը, որ իսկապես կարող ենք Հայաստանին բերել փոփոխություններ»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում