Արմեն Սարգսյանը՝ ՀՀ Նախագահի ՀՀԿ-ի թեկնածու

Արմեն Սարգսյանը՝ ՀՀ Նախագահի ՀՀԿ-ի թեկնածու

Խորհրդարանում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունը Հանրապետության 4-րդ նախագահի իր թեկնածուին ընտրեց: Արմեն Սարգսյան. քաղաքական գործիչ, ֆիզիկոս, համակարգչային գիտնական, դիվանագետ, ձեռնարկատեր: Մեծ Բրիտանիայում՝ ՀՀ դեսպան, որն այդ պաշտոնը ստանձնել է երեք անգամ: 1996 թ-ին դեսպանը հանրապետության 5-րդ վարչապետն է եղել, իհարկե պաշտոնը զբաղեցրել է ընդամենը 4 ամիս: Անկուսակցական է, ինչպես նախագահի պաշտոնի համար պահանջում է նոր Սահմանադրությունը:

Արմեն Սարգսյանը 65 տարեկան է, նրա միջազգային գործունեությունը չի սահմանափակվել դիվանագիտական առաքելությամբ. Հայաստանն աշխարհին ներկայացնելու նրա բազմաթիվ ծրագրերը պսակվել են հաջողությամբ: Անցած տարի Արմեն Սարգսյանը Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի շքանշանով է պարգեւատրվել: Ամուսնացած է, ունի երկու որդի, երեք թոռ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀԿ գործադիր մարմնի հունվարի 18-ի նիստում կուսակցության կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ: Նախագահը Ազգային ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի անունից Արմեն Սարգսյանին առաջարկել է համաձայնություն տալ առաջադրվելու որպես Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու` ևս մեկ անգամ ներկայացնելով իր պատկերացումները ապագա նախագահի որակական հատկանիշների մասին, որոնց, Նախագահի համոզմամբ, միանգամայն համապատասխանում է կուսակցության առաջարկած թեկնածուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում