Կանադան և ԱՄՆ-ն Աֆղան Մուխտարլըի ազատ արձակման պահանջով դիմել են Ադրբեջանի կառավարությանը

Կանադան և ԱՄՆ-ն Աֆղան Մուխտարլըի ազատ արձակման պահանջով դիմել են Ադրբեջանի կառավարությանը

Կանադան և ԱՄՆ-ն Ադրբեջանում ձերբակալված և 6 տարվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլըին ազատ արձակելու պահանջով դիմել են Ադրբեջանի կառավարությանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

«Հաշվի առնելով խոսքի ազատությունը հարգելու վերաբերյալ ԵԱՀԿ և միջազգային փոխադարձ պարտավորությունները՝ Կանադան և ԱՄՆ-ն մտահոգություն են հայտնում ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլըին հունվարի 12-ին կայացված դատական վճռով 6 տարվա ազատազրկման ենթարկելու հետ կապված»,– նշված է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան, ԵԱՀԿ-ում Կանադայի ներկայացուցչական պատվիրակության և ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության կողմից ներկայացված համատեղ զեկույցում:

Զեկույցում նշվում է, որ միջազգային լայն շրջանակները մայիսի 29-ին Վրաստանում առևանգված և հետո Ադրբեջանում մագսանենգության մեջ մեղադրվող Աֆղան Մուխտարլըի ձերբակալությունը համարում են քաղաքական մոտիվներով կատարված ձերբակալություն:

«Կանադան և ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությունից պահանջում են ազատ արձակել Աֆղան Մուխտարլըին և իրենց հիմնարար ազատությունները իրացնելու համար ձերբակալված Ադրբեջանի մյուս քաղաքացիներին: Մենք շարունակում ենք սերտորեն վերահսկել Մուխտարլըի առևանգման հետ կապված՝ Վրաստանի կողմից իրականացվող հետաքննությունը և մեր վրացի գործընկերներից պահանջել ենք նոր տեղեկություններ հաղորդել գործի վերաբերյալ»,- նշված է զեկույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում