Դավիթ Բաբայանը կարեւորում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը խաղաղ բանակցային գործընթացը շարունակելու համատեքստում

Դավիթ Բաբայանը կարեւորում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը խաղաղ բանակցային գործընթացը շարունակելու համատեքստում

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը կարեւորում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի՝ հունվարի 18-ին Կրակովում կայացած հանդիպումը: Նրա խոսքով՝ այս եւ նման հանդիպումները խաղաղ բանակցային գործընթացի շարունակականությունը եւ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանող կարեւոր գործոն են:

«Մենք կարեւորում ենք եւ չենք կիսում այն կարծիքը, որ այդ հանդիպումները պարզապես հանդիպումներ են եւ որեւէ կարեւորություն չեն պարունակում: Ի վերջո, նման հանդիպումների ժամանակ քննարկվում են ընթացիկ, այդ թվում՝ նաեւ կարգավորմանը վերաբերող հարցեր, այդ հանդիպումների ժամանակ միջազգային հանրությունը իր տեսակետն է հայտնում, հետեւաբար դրանք կարեւոր են: Իսկ այս հանդիպման բանալի գաղափարն այն է, որ, կարծես թե, սկսվում են քայլեր կատարվել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները կյանքի կոչելու ուղղությամբ, այսինքն՝ զինադադարի ռեժիմի խախտումների վերհանման եւ դրանց նվազեցման ուղղությամբ, քանի որ գիտենք՝ հայտարարվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ գրասենյակի կազմի ընդլայնման մասին: Պաշտոնական Ստեփանակերտը վաղուց այս մասին խոսում է»,-ասաց Դավիթ Բաբայանը՝ հիշեցնելով, որ Արցախի կողմից հնչել են տարբեր առաջարկներ, որոնք հետաքրքրություն են առաջացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտ:

«Խոսքը դիպուկահարների հետքաշման, տոն օրերին, միջազգային, ազգային, կրոնական տոներին զինադադարի ռեժիմի խախտումների բացառմանը: Սա կարծես այդ կայունության, փոխվստահության, խաղաղության մթնոլորտի ձեւավորման մեջ է տեղավորվում, հետեւաբար շատ կարեւոր են, բայց նաեւ շատ կարեւոր են դրանից առաջ տեղի ունեցած գործընթացները, հատկապես Լավրովի հայտարարությունը, որ մեկ փաստաթղթով հնարավոր չէ կարգավորել, իսկ եթե ավելի բացենք փակագծերը, նույնիսկ կարելի է ասել, որ սա փիլիսոփայական մոտեցում է, քանի որ փաստաթղթով չի կարելի կարգավորել, եթե կարգավորված չէ մթնոլորտը տարածաշրջանում, եթե Ադրբեջանը շարունակում է իր նացիստական քաղաքականությունը: Այս դեպքում անգամ եթե հազար հատ փաստաթուղթ էլ ստորագրվի, բան չի ստացվելու, հետեւաբար սա ուղերձ է, որ պետք է կամաց-կամաց այդ մթնոլորտը փոխելու, գոնե երկխոսությունն ավելի առարկայական դարձնելու ուղղությամբ»,-նշեց նա:

Դավիթ Բաբայանը անդրադարձավ նաեւ Արցախը բանակցային գործընթացում ներգրավելու՝ բավականին հաճախ բարձրաձայնված հարցին՝ ընդգծելով, որ դա արդեն հրամայական է:

«Մենք միշտ խոսում ենք դրա մասին եւ կարծում ենք, որ առանց դա հնարավոր չէ կարգավորել հիմնախնդիրը, բայց պետք է նաեւ իրատես լինենք, որ Ադրբեջանը ամեն ինչ անելու է, որ դա տեղի չունենա հատկապես 2018 թվականին, որը շահարկումների տարի է լինելու: Գիտենք, որ այդ արհեստածին երկրի ստեղծման 100-ամյակն է, նախագահական ընտրություններ են լինելու, Հեյդար Ալիեւի 95- ամյակը, Աղդամի, Քելբաջարի, Ջեբրայիլի, Զանգելանի, Ֆիզուլու, Ղուբատլուի կորստի 25-ամյակն է: Նրանց համար ամենամեծ տարածքայի կորուստներն է եղել, և, հետևաբար սա շահարկումների առիթ է դառնալու, սկսելու են դիվանագիտական, քաղաքական ոլորտում հիստերիաներ, ինչ-որ ահաբեկչական գործողություններ, չի բացառվում սահմանին սադրիչ գործողություններ, այսինքն՝ սա հասկանալի խնդիր է, եւ կարելի է կանխատեսել, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է դա թույլ չտալու համար: Բայց մյուս կողմից Արցախը ներգրավված է բանակցային գործընթացում, բայց ոչ լիիրավ: Մենք շարունակում ենք այս ուղղությամբ աշխատանք տանել, որպեսզի լիարժեք ձեւաչափը վերականգնենք»,-եզրափակեց ԱՀ նախագահի մամուլի քարտուղարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում