Օբամայի գլխավոր խորհրդականները ներողություն են խնդրել Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար

Օբամայի գլխավոր խորհրդականները ներողություն են խնդրել Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդականներ Բեն Ռոդսը և Սամանթա Փաուերը ներողություն են խնդրել 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը ցեղասպանությունը չճանաչելու համար, ինչը կարող էր վնասել ամերիկա-թուրքական հարաբերություններին: «Դա սխալ էր: Մենք պետք է ճանաչեինք Հայոց ցեղասպանությունը»,- Ռոդսի խոսքն է մեջբերել Politico-ն:

«Ես ներողություն եմ խնդրում: Ցավում եմ, որ մենք հիասթափեցրինք ամերիկահայերին»,- հավելել է ՄԱԿ-ում Օբամայի օրոք դեսպան եղած Սամանթա Փաուերը:

Օբամայի օգնականներն իրենց ափսոսանքն են հայտնել օրերս՝ պատասխանելով համացանցային հաղորդումներից մեկի ժամանակ հանդիսատեսի հարցին:

Politico-ն ընդգծել է, որ նրանց հայտարարություններն անսովոր կերպով անկեղծ են եղել՝ հաշվի առնելով տարիներ շարունակ ԱՄՆ նախագահներին տանջող հարցի զգայունությունը:

«Ամեն տարի մի պատճառ էր լինում: Թուրքիան կարևոր նշանակություն էր ունենում մեր ուշադրության տակ գտնվող որևէ հարցում, կամ Թուրքիայի և Հայաստանի իշխանությունների միջև երկխոսություն էր ընթանում անցյալի վերաբերյալ: Կարծում եմ՝ այս ամենի դասն այն էր, որ պետք է դա անել առաջին տարում, եթե չարեցիր՝ ամեն տարի է՛լ ավելի է բարդանալու»,- նկատել է Ռոդսը:

Փաուերը կարծիք է հայտնել, որ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հայոց ցեղասպանության ճանաչումը հետաձգելու հարցում շահագրգռված այլ անձինք կարողացել են «խաղացնել» ամերիկյան վարչակազմին: Էրդողանը, հասկանալով ամերիկյան քաղաքական տրամադրությունները, այնպես էր կարողանում անել, որ եթե Օբաման «ցեղասպանություն» բառն արտասանի, նա իր այդ քայլով կկանգնեցնի Թուրքիայի և Հայաստանի միջև մերձեցման շարունակական փորձերը:

Նրա խոսքով՝ Օբաման միշտ մտածում էր, որ կարող է կատարել իր նախընտրական խոստումը և իրեն լավ զգալ ամերիկահայերի առաջ, «բայց հետո՞, արդյոք դա չէր խոչընդոտի դիվանագիտական երկխոսությանը, որը գուցե ավելի խոստումնալից լիներ»: «Ես կարծում եմ՝ նա իսկապես հավատում էր, որ դա կարող է հակառակ ազդեցությունն ունենալ, որովհետև դա էին նրան ասում տարածաշրջանն ուսումնասիրող և այն իմացող մարդիկ»,- հավելել է նա:

Politico-ն ընդգծել է, որ ամերիկահայերը խիստ հիասթափվել են Օբամայի կողմից իր նախընտրական խոստումը չկատարելու պատճառով: Ռոդսի ու Փաուերի խոսքերը բավական չեն համայնքի առաջնորդներին հանգստացնելու համար, որոնք կարծում են, որ դա չափազանց քիչ է և չափազանց ուշ է դրա համար:

«Սա այն հարցն է, որը պետք է ուղղել պաշտոնավարման ժամանակ»,- ասել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը և հավելել, որ այլ մարդ կա, ում խոսքերը համայնքը կցանկանար լսել:

«Օբաման պետք է բացատրի, թե ինչու չկատարեց իր խոստումը: Եվ ես կարծում եմ՝ նա պետք է մեզնից ներողություն խնդրի, նա պետք է ներողություն խնդրի ամերիկացիներից»,- ասել է Համբարյանը:

Իր հերթին Փաուերն ընդգծել է. «Ուղղակի պետք է ասել ճշմարտությունը, երկարաժամկետ հատվածում դա անվտանգ է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում