Աղվան Վարդանյանը Հայաստանում սարսափելի գնաճ չի տեսնում, իսկ «Ելք»-ին մեղադրում է ոչ կրեատիվ լինելու մեջ

Աղվան Վարդանյանը Հայաստանում սարսափելի գնաճ չի տեսնում, իսկ «Ելք»-ին մեղադրում է ոչ կրեատիվ լինելու մեջ

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը կիսում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի կարծիքը, որ Հայաստանում նկատվող գնաճը սարսափելի չէ: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանում կա գնաճի դեմ պայքար, որն արտահայտվեց «Ելք» դաշինքի անցկացրած երթով, որտեղ երևաց հասարակության մասնակցության մակարդակն ու աջակցության չափն ու ծավալները: «Եթե մենք պահանջում ենք հարկային դրույքաչափերի իջեցում, ապա պետք է ասենք, թե ինչպես ենք պատրաստվում սպասարկել արտաքին պարտքը, ինչպես ենք պատրաստվում հետագայում բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները: Իսկ կառավարության 2017թ. գործունեությունը, կարծում եմ, պետք է որ ձեր աչքի առաջ լիներ: Կառավարության նման արդյունավետ աշխատանք մենք վերջին տասնամյակում, թերևս, չենք ունեցել բոլոր ցուցանիշների առումով»,- նշեց Վարդանյանը:

Անդրադառնալով բենզինի, դիզվառելիքի և սեղմած գազի գների բարձրացմանը՝ պատգամավորը նկատեց, որ 2.5 տարի առաջ նույնպես բենզինի գինը նույնն էր, ինչ հիմա, իսկ այդ ընթացքում աշխատավարձերի բարձրացում չի եղել: Աղվան Վարդանյանը համաձայն է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, որ բենզինի այլընտրանքը սեղմած գազն է: Նա բերեց իր անձնական օրինակը, ընդգծելով, որ իր անձնական մեքենան, երբ գազ չէր տեղադրել, երեք անգամ ավելի թանկ է վճարել: «Մեր գործընկերները բողոքում են կարտոֆիլի թանկացումից: Կարտոֆիլն էլ կառավարությունը չի թանկացրել, դա մեր գյուղացու արտադրանքն է: Նույն սեղմած գազը ընդամենը 20 դրամով է բարձրացրել՝ ճիշտ այնքան, որքան բարձրացել է հարկային դրույքաչափը»,- ասաց նա:

Վարդանյանն ընդգծեց, որ շատ ուրախ կլիներ, եթե օբյեկտիվ և հիմնավորված ցանկացած բողոքի ակցիա ավելի լայն աջակցություն ստանար, իսկ երթեր և ցույցեր անցկացնող գործընկերն ավելի կրեատիվ մտածողություն ունենային: «Չեմ կարծում, որ կանաչ «Ժիգուլի»-ն հրելը կրեատիվ մտածողության արդյունք է, բայց ունենք այն, ինչ ունենք»,- ընդգծեց պատգամավորը:

ՀՅԴ խմբակցության քարտուղարը շեշտեց, որ տնտեսական փոփոխությունները երկրում ակնհայտ են, ինչը հիմք է հետագայում սոցիալական խնդիրներին լուծում տալու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում