Սեյսմամեկուսացման համակարգերի ներդրումը երկրաշարժի դեպքում թույլ կտա փրկել հազարավոր կյանքեր. Մելքումյան

Սեյսմամեկուսացման համակարգերի ներդրումը երկրաշարժի դեպքում թույլ կտա փրկել հազարավոր կյանքեր. Մելքումյան

Երևանի խոցելի կողմը

Երևանի շենքերի սեյսմակայունության բարձրացումն ազգային անվտանգության խնդիր է։ Այս մասին տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ Միքայել Մելքումյանն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ու ասածն էլ հիմնավորում է գիտական եզրակացությամբ.«Երևանում Սպիտակի սցենարը կրկնվելու դեպքում կփլուզվի շենք-շինությունների 80 տոկոսը, իսկ զոհերի թիվը կհասնի 300 հազարի»։ Երևանի սեյսմիկ խոցելիությունը պատկերացնելու համար պրոֆեսորը նաև մայրաքաղաքի սեյսմիկ ռիսկի քարտեզն է կազմել, որտեղ պարզ երևում են այն հատվածները, որոնք հնարավոր երկրաշարժի դեպքում ամենաշատը կտուժեն։

Խոցելիության աստիճանով կենտրոնն առաջին տեղում է, որտեղ մեծ թիվ են կազմում սեյսմիկ շատ բարձր ռիսկ պարունակող քարե շենքերը։ Վերջինների համեմատ՝ կարկասապանելային շենքերում ռիսկը մի քիչ թուլանում, բայց շարունակում է էլի բարձր մնալ։ Խորհրդային տարիներին կառուցված շենքերից (իսկ Երևանը կառուցապատվել է հիմնականում այդ ժամանակ) մասնագետը որոշ չափով հուսալի համարում է միայն խոշոր պանելայինները. «Խորհրդային տարիներին գրեթե բոլոր շենքերը հավաքովի էին կառուցում և 90 տոկոս դեպքերում օգտագործում էին եռակցումը, ինչը փոխում է ամրանի բնութագիրը։ Երկրաշարժավտանգ երկրներում կառուցվող շենքերում նման կոնստրուկտիվ տարրեր չպետք է օգտագործվեն, քանի որ եռակցման դեպքում ամրանը փխրուն է դառնում և երկրաշարժի ժամանակ պոկվում է,- պարոն Մելքումյանն ընդգծելով մասնագիտական այս կարևոր նրբությունը՝ միաժամանակ նշում է երկրաշարժի ժամանակ դիտվող մեկ ուրիշ հանգամանք ևս։- Սպիտակի երկրաշարժի ժամանակ Գյումրիում կառուցված խոշոր պանելային շենքերը չքանդվեցին։ Դա պայմանավորված էր նրանով, որ այդ շենքերը ռեզոնանսի մեջ չընկան։ Խոշոր պանելային շենքերում կապերը շատ են, իսկ դրանք ինչքան շատ են լինում, այնքան շենքը քիչ խոցելիէ դառնում։ Բայց դա չի նշանակում, թե Երևանում էլ, Աստված մի արասցե, եթե 9 բալանոց երկրաշարժ եղավ, ինչը լիովին հնարավոր է, դիմանալու են այդ շենքերը։ Գոյություն ունեցող շենքերի առավելագույն սեյսմակայունությունը, ըստ իմ հաշվարկների, 7.5 բալ է»։

Միքայել Մելքումյանը պնդում է՝ Երևանի սեյսմիկ խոցելիության «մեղավորը» խորհրդային միության սեյսմիկ նորմերն են, երբ շենքեր էին կառուցում թերագնահատված սեյսմիկ վտանգի առկայությամբ։ Մոսկվայում մշակվող սեյսմիկ նորմերը, որոնք օրենքի ուժ ունեին ԽՍՀՄ ամբողջ տարածքում, ենթադրում էին, որ Հայաստանը գտնվում է մի գոտում, որտեղ սպասվում են հիմնականում 7 բալանոց երկրաշարժեր, իսկ Սպիտակի երկրաշարժը ցույց տվեց, որ այդ նորմերը Հայաստանի համար կիրառելի չէին։ «Երբ Տոկիոյի համալսարանի հրավերով աշխատում էի Ինդուստրիալ գիտության ինստիտուտում, ստեղծեցի նոր՝ հիստերեզիսային մոդել, որը թույլ է տալիս կատարել կառուցվածքների ոչ գծային հակազդման հաշվարկ և ապացուցեցի, թե Սպիտակի երկրաշարժի ժամանակ ինչպես և ինչու են քանդվել այդ շենքերը։ Սպիտակի երկրաշարժի ուժգնությունը չորս անգամ ավել է եղել շենքերի հաշվարկային ուժից ու դրանց փլվելն, ուղղակի, անխուսափելի էր»։

Շենքերը փլուզումից ապահովագրող տեխնոլոգիան

Սպիտակի երկրաշարժն արդեն իսկ գիտության մեջ գտնվող Միքայել Մելքումյանին տարավ նոր՝ այդ պայմաններում խիստ անհրաժեշտ ուղղությամբ։ Սեյսմակայուն շինարարության մասնագետը սկսեց ուղիներ փնտրել՝ շենքերի սեյսմակայունությունը բարձրացնելու համար։

Տեխնոլոգիան, որը տեխնիկական գիտությունների դոկտորը մշակեց դեռևս Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում աշխատելու տարիներին, մեծ ծախսեր չէր պահանջում։ Ընդամենը շենքը պետք է հիմքից աստիճանաբար կտրվեր ու շենքի և հիմքի միջև տեղադրվեր սեյսմամեկուսացման համակարգ, որը 3-4 անգամ կավելացներ շենքի սեյսմակայունությունը։ Նմանատիպ տեխնոլոգիա աշխարհի մի շարք երկրներում կիրառվում էր նաև մինչ այդ, սակայն, Միքայել Մելքումյանի մշակածը, ի տարբերություն դրա, մի կարևոր առանձնահատկություն ունի. «Իմ մշակած ու պատենտավորած համակարգը հնարավորություն է տալիս շենքն ամրացնել՝ առանց շահագործումը դադարեցնելու։ Դա աննախադեպ երևույթ է, ինչի համար էլ մեծ հնչեղություն է ստացել աշխարհում և տարբեր երկրներից՝ ԱՄՆ, Անգլիա, Վատիկան, Իտալիա, Արգենտինա, Ավստրիա, Պերու և այլն, հրավերներ եմ ստանում՝ տեխնոլոգիան ներկայացնելու համար։ Աշխարհում առաջին շենքը, որն իմ տեխնոլոգիայով «Կանակա» ֆիրմայի կողմից սեյսմամեկուսացվել է, Վանաձորում գտնվող հինգհարկանի քարե բնակելի շենք է»։

Հիշյալ շենքը Վանաձորում առաջինն էր, բայց ոչ միակը, որ սեյսմամեկուսացվել է Միքայելյանի նախագծի համաձայն։ Թվում էր, թե մի կողմից՝ քիչ ծախսատար, մյուս կողմից ապահով տեխնոլոգիան անմիջապես կներդրվի Հայաստանում, բայց շենքերի ամրացման այս մոդելը, մեծ հաշվով, անտեսվեց։ 1995թվականից առայսօր Մելքումյանի նախագծած սեյսմամեկուսացման համակարգերը տեղադրվել են ընդամենը 50 շենքում, այդ թվում՝ հյուրանոցներ, բիզնես-կենտրոններ, դպրոցներ ու հիվանդանոցներ։ Հեղինակը դա այսպես է մեկնաբանում. «Իմ առաջարկած տեխնոլոգիան սահմանափակ քանակով է կիրառվում, քանի որ էժան է, կոռուպցիայի համար տեղ չի մնում։ Դրա փոխարեն, օրինակ, հին դպրոցը քանդում, նորն են կառուցում կամ ավանդական մեթոդներով են ամրացնում՝ սյուներ և կոշտության պատեր ավելացնով, քարե պատերին երկաթբետոնե շապիկներ հագցնելով, ինչն ավելացնում է շենքերի՝ առանց այն էլ մեծ սեյսմիկ բեռը»։

Այդ առումով Միքայել Մելքումյանին առավել մտահոգում են Երևանի դպրոցները, որոնք, ըստ նրա, առաջնահերթ սեյսմաանվտանգ դարձնելու կարիք ունեն. «Երկրի ղեկավարությանը բազմիցս ասել եմ, որ առաջին հերթին պետք է ամրացնել դպրոցները, հիվանդանոցներն ու այն կառավարական շենքերը, որտեղից աղետի ժամանակ կառավարվում է իրավիճակը։ Բայց տեսնելով, որ սայլը տեղից չի շարժվում, դիմեցի Ասիական զարգացման բանկին։ Երեք տարի նրանց բացատրում էի իրավիճակի լրջությունը, մինչև որ դպրոցների ամրացման ծրագիրը բերվեց Հայաստան։ Դրա մասին է վկայում ինձ ուղղված շնորհակալական նամակը։ Հիմա գործում է այդ ծրագիր, բայց սեյսմակայունության բարձրացումը կատարվում է ոչ թե իմ, այլ՝ ավանդական մեթոդներով,-ասում է ասոցիացիայի նախագահն ու ավելացնում,-այդ դեպքում շենքը երկրաշարժի ժամանակ դեֆորմացվում է և վնասվում, իսկ իմ առաջարկած մեթոդով շենքն ամրացնելիս, այն ոչ միայն չի դեֆորմացվում, այլև երկրաշարժի ժամանակ ինքն իրեն զուգահեռ տատանվում է և չի ստանում վնասվածքներ»։

Ի դեպ, Մ. Մելքումյանի տեխնոլոգիայով ամրացրած կամ նոր կառուցված շենքերից միայն երեքում են տեղադրվել արտասահմանյան արտադրության սեյսմամեկուսիչներ, մնացած բոլոր 5000 սեյսմամեկուսիչներն արտադրվել են Հայաստանում։ «Ես հավատում էի, որ մեր երկրում, որը խորհրդային տարիներին զարգացած քիմիական արդյունաբերություն ուներ, այսօր էլ կարող են բարձրորակ սեյսմամեկուսիչներ արտադրել: Հիմա մի քանի ընկերություններ կան, որ զբաղվում են դրանց արտադրությամբ, ու նաև վստահ եմ, որ այդ սեյսմամեկուսիչները երկրաշարժի դեպքում հուսալի կկատարեն իրենց առաքելությունը»,-հավաստիացնում է սեյսմակայուն շինարարության մասնագետը։ Հետաքրքրական է, որ մեկ շնչին ընկնող սեյսմամեկուսացված շենքերի թվով Հայաստանն աշխարհում երկրորդն է` Ճապոնիայից հետո: 

Նորակառույցների անվտանգությունն ու շինարարների խիղճը

Հայաստանում դեռևս պահանջվող կարևորություն չի տրվում սեյսմամեկուսացման համակարգերի ներդրմանը, բայց աշխարհի տարբեր երկրներում դրա հանդեպ հետաքրքրությունը գնալով աճում է։ Ռուսաստանի Իրկուտսկ և Ռումինիայի Յաշի քաղաքներում հաջողությամբ ներդրվել է Մելքումյանի մշակած տեխնոլոգիան։ Իսկ Երևանում գոյություն ունեցող շենքերի սեյսմամեկուսացումը վերջին անգամ իրականացվել է 2016-ին։ Նախանցած տարվա ընթացքում ամրացվեցին Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնն ու «Ֆրեդեկս» հյուրանոցը։ Ըստ մեր զրուցակցի` երկրաշարժի դեպքում սեյսմամեկուսացված ցանկացած շենքում երկրաշարժի ուժգնությունը կզգացվի 8-10 անգամ պակաս` անկախ նրանից հին շենք կլինի, թե նորակառույց։

Սեյսմակայուն շինարարության մասնագետը վստահեցնում է` սեյսմաանվտանգությունն առաջնային կլինի նաև իր կողմից իրականացվելիք նոր ծրագրում, ըստ որի` նորակառույցների շարքը կհամալրեն նոր մոդելի սեփական տները: Մեկ երկաթբետոնե սալով միավորված երեքհարկանի սեփական տները բաղկացած կլինեն նկուղից և երկու բնակելի հարկից: Նշված սալի և դրանից ստորև գտնվող կոնստրուկցիաների արանքում կտեղադրվի սեյսմամեկուսացման համակարգ, առաջին հարկում կտեղակայվեն նկուղներն ու ավտոկանատեղիները, իսկ երկրորդ և երրորդ հարկերը կլինեն բնակելի։ Յուրաքանչյուր տուն կունենա տնամերձ հողատարածք։ Միքայել Մելքումյանը վստահ է՝ ծրագիրը հեռանկարային է ու ժամանակի ընթացքում, ամենայն հավանականությամբ, Երևանում այս մոդելը ամենապահանջվածներից մեկը կդառնա։

Իր վերահսկողությամբ կառուցված շենքերի սեյսմաանվտանգության մասին երաշխավորում, բայց առհասարակ նորակառույցների մասին Միքայել Մելքումյանը վստահաբար չի կարողանում ասել, որ դրանք բոլորը սեյսմակայուն են։ Նորակառույց շենքերի սեյսմակայունությունը կերաշխավորեր, եթե վստահ լիներ, որ նախագծումը, փորձաքննությունն ու շինարարությունն իրականացվում է ՀՀ-ում ներկայումս գործող սեյսմիկ նորմերի համաձայն։ 1994-ին ընդունված, 2006-ին լրամշակված այդ նորմերը, որում, ի դեպ, իր ծանրակշիռ ներդրումն ունի նաև մեր զրուցակիցը, բավականին խիստ են նախկին՝ խորհրդային նորմերի համեմատ, մնում է, որ շինարարները դրանց բարեխղճորեն հետևեն:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Քարտեզները տրամադրել է Միքայել Մելքումյանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում