AM | RU
USD
EUR
RUB

Արցախյան ազատամարտ. Պատմում է Գենադի Մնացականյանը

 
 
 

Voskanapat.info լրատվական֊վերլուծական կայքն ու Times.am գործակալությունը ընթերցողների ուշադրությանն են ներկայացնում Արցախյան ազատամարտին վերաբերող պատմությունների և հարցազրույցների շարք։ Նոր խորագրի հիմնական նպատակն ընթերցողների լայն շրջանակին մեր հերոսների հետ ծանոթացնելն է։ Կփորձենք բացահայտել հետաքրքիր և ձեր ուշադրությանը ներկայացնել հերոսամարտի ամենահետաքրքիր պատմություններն ու դիպվածները։

Եվ այսպես, պատմում է Գենադի Մնացականյանը.

Մենք Կոմանդոսի պահուստային խումբն էինք` ռեզերվը: Մեզ մարտադաշտ էր ուղարկում միայն ամենավերջին, ամենածանր րոպեին, երբ ռազմագործողությունը տապալման եզրին էր լինում: Երբ ասում էինք` Արկադի Իվանըչ, մեզ ինչի չեք ուղարկում, մենք էլ ենք ուզում կռվի գնալ, ասում էր` «Вы будете обороняться у Деды-Бабы» :

Պատերազմի սկզբում հետևակային հետախուզույթունում էի, բայց հետո, երբ Արմենն ինձ իր մոտ կանչեց, տեսա, որ հրետանային հետախուզույթունն ավելի հետաքրքիր է: Գնացի, միացա Արմենին, այդուհետ մեր մարտական ուղին միասին անցանք:

Այնպես որ, Արմենը չի չափազանցնում, մեր ընկերությունը, որ հաղթահարել է պատերազմի ու խաղաղության բոլոր փորձությունները, մեր հարստությունն է, մեր ամեն ինչը: Դա կհասկանան միայն նրանք, ովքեր մեզ նման ճանապարհ են անցել: Միայն Արմենը չէ: Ես էլի ունեմ մարտական ընկերներ: Ես ձեզ այսպես կասեմ. թեպետ պատերազմը, որի միջով անցել ենք եղել է դաժան, եղել անիծված, բայց այն մեզ իսկական ընկերներ է պարգևել: Մարդիկ, առանց որոնց դու քո կյանքը չես պատկերացնում ու միայն այն մտքից, թե ընկերոջդ կարող էր մի բան պատահել, ուզում էիր ինքդ առաջ ընկնեիր, ինքդ զոհաբերվեիր:

Ես հիշում եմ Կիչան-Սրխավանդի ազատագրման ճակատամարտը: Թշմանու զորքին թիվ ու քանակ չկար: Հինգ տանկ էին դուրս բերել, ԳԱԶ-66, ու տարբեր տիպի այլ զրահատեխնիկա:  Դե, հետևակի մասին էլ չեմ խոսում: Կարևոր ճակատամարտ էր, շատ ջոկատներ էին մասնակցում` Հարությունագոմերի, Կիչանի, Առաջաձորի, և այլն: Կիչանի ջոկատի հրամանատարը Կարենն էր, նա Կիչանի կողմից էր գալիս, իսկ մենք Սրխավանդի: Իրար ընդառաջ էինք դուրս եկել ու մարտը պիտի ավարտվեր մեր հանդիպումով: Մենք, որ հրետանու հետախուզությունն էինք, առաջ էինք ընկել, ու թշնամու թիկունքում դարան մտել: Մեր կողքով թշնամու չորս տանկ եկավ, անցավ: Մերոնք չորս տանկն էլ խփեցին: Երբ մոտենում էր հինգերորդը, ես ու մեր շենքի Վարդանը որոշեցինք վերցնել այն: Մենք նռնականետով խփեցինք տանկը: Այդ ժամանակ մեզ նկատեցին ու թշնամու հրետանին սկսեց աշխատել մեզ վրա։ Այն, որ մենք այդ մեծ ճակատամարտից առանց զոհերի դուրս եկանք, ուղակի հրաշք էր։ Պարզապես, խիտ անտառն ու թաց գետինը մեր դաշնակիցն էին։ Մեր փոխարեն, կարծես հայրենի հողն ինքն էր կլանում թափվող արկերը։

 

Որոշ ժամանակ տևած երկկողմ կրակահերթից հետո տղաներին ասացի, որ պառկեն, իսկ ես մոտենամ տանկին, տեսնեմ ինչ վիճակում է: Վարդանն առաջ ընկավ, թե ես քեզ հետ եմ գալիս: Ինձնից 7-8 տարով ջահել է: Չէի ուզում հետս տանել, որովհետև չգիտեի, թե ինչ է սպասվում առջևում՝ տանկի մոտ: Մենք միայն այնքանն էինք տեսնում, որ տանկը կանգ է առել, բայց անձնակազմի մասին տեղեկություն չունեինք: Տեսադաշտը փակ էր: Բայց Վարդանը շատ համառեց, ու ես չկարողացա նրան հետ պահել: Միասին գնացինք: Պարզվեց, անձնակազմում մի ղազախ էր ու մի թուրք: Երկուսն էլ սպանվել էին: Վարդանը մտավ տանկն ու հպարտ-հպարտ հայտարարեց. «Ես եմ հրամանատարը»: Բարեխատաբար, տանկը չէր վնասվել, մաքրեցինք թուրք-ղազախական արյունը, որ ողողել էր ամբողջ խուցը, նստեցինք ու գնացինք: Տղաներ ուղարկեցինք մերոնց զգուշացնելու, որ տանկով ենք գալիս, չխփեն: Թե չէ՝ մինչ այդ մենք տանկ չունեինք, մերոնք հաստատ խփող էին:

Ծանր մարտը հաղթանակով պսակվեց, գյուղերն ազատագրելուց բացի, ահագին ռազմավար ձեռք բերեցինք: Վարդանի արարքը ես հետո ծանր ու թեթև արեցի: Մենք չգիտեինք, թե տանկի մոտ մեզ ինչ է սպասվում: Հնարավոր էր, որ ականապատած լինեին ու փախած, չգիտեմ, հազար բան կարող էր պատահել։ Եվ ամեն դեպքում՝ նա ուզում էր հետս գալ։ Որքան համեստ էր նա իր անձնազոհության մեջ։ Վարդանն ինձ էր ուզում խնայել, ես իրեն: Դա իմ գրաված առաջին տանկն էր: Երկրորդը մեկ ամիս անց հաջողվեց:

Արմեն Գրիգորյան: Երբ բառերն այնքան են մաշվում, որ կարծես արժեզրկվում են, կորցնում իրենց իմաստը, այլևս չես ուզում դրանք օգտագործես, ասենք, ընկերոջդ բնութագրելիս։ Մեր ժամանակներում, ցավոք, այդ երևույթը շատ է տարածված։ Դրա համար էլ ես կխուսափեմ Գենոյին նվիրյալ, հայրենասեր, և նման կարգի ածականներ շնորհելուց։ Ես միայն մի դեպք պատմեմ, որով դուք կճանաչեք նրան։

Դեպքը տեղի է ունեցել Մարտունիում: Գենոն արդեն մարտկոցի հրամանատար էր դարձել։ Ընդհանրապես անձնակազմի հետ նրա հարաբերությունները հեռու էին կանոնադրական լինելուց։ Ես միշտ հանդիմանում էի նրան։ Ասում էի քեզ հրամանատարի նման պահիր։ Բայց դե, իր էությունն էր։ Շատ էր մարդամոտ։ Զինվորների հետ նստում-վեր էր կենում, ուտում-խմում։ Կողքից նայես՝ չես ասի, թե հրամանատար է։ Հասարակ զինվոր։ Ուրեմն, մի օր Գենոն մենակ էր դիտակետ գնացել: Ուսումնասիրում էր, հաշվումներ անում, մի խոսքով, իր գործերով էր զբաղված, երբ թշնամին հանկարծակի հարձակման անցավ։ Դիտակետը առաջնագծի ու կրակային դիրքի արանքում է։ Մարտի սկզբում հաջողությունը թշնամու կողմն էր, նրանք առաջ էին գալիս գրեթե առանց դիմադրության հանդիպելու։ Առաջնագիծը նահանջել էր, Գենոն մնացել էր ծուղակի մեջ։ Թշնամին ուր որ է, պիտի ներխուժեր մեր դիտակետը։ Երբ նա զգաց, որ միայնակ է ու շրջապատված, կապվեց կրակային դիրք ու իր կոորդինատորները տալով՝ կրակելու հրաման տվեց։ Հրետանավորները հաշվեցին կոորդինատներն ու տարակուսանքի մեջ ընկան։ Նորից կապվեցին Գենոյի հետ։

- Սխալմունք է երևի, հրամանտա՛ր, նորի՛ց թելադրիր կոորդինատները,- ասում էին տղաները։

- Ոչ, ամեն ինչ ճիշտ է, կրակե՛ք:

- Բայց սա մեր դիտակետն է: Դու ինչ է, քեզ վրա՞ ես կրակ պահանջում։  

- Այդպես է պետք։ Ես միայնակ եմ ու շրջապատված։ Նրանք ուր որ է դիրքս կլցվեն։ Կրակե՛ք։ Ինձ վրա կրակեք, - Գենոյի ձայնը վստահ էր ու առանց վախի նշույլի։ 

Հրետանին կրակ բացեց։ Մեր հրետանավորները տակնուվրա արին տեղանքը։ Շախմատի տախտակի պես քառակուսիների բաժանած կրակ էին թափում։ Երկիրը դղրդում էր կարծես։ Պատերազմի աստվածներն էին գործում։ Միայն մի փոքրիկ հատված էր, որ անվնաս էին թողել՝ կրակային դիրքը: Հրետանին, իհարկե, ոսկերչական նրբությամբ էր աշխատել․․․

Չնայած Գենոն իմ հարյուր տարվա ընկերն է, չնայած որ մինչ այդ էլ հազար ու մի փորձություն ենք անցել, բայց ինձ թվում է, հենց այդ օրը ես բացահայտեցի նրան։ Մի համեստ ու հասարակ մարդու մեջ այդքան քաջություն, այդքան լուռ հերոսություն։
Որքանով ես եմ տեղյակ, դա եզակի երևույթ էր Արցախյան պատերազմի ժամանակ։ Նման տեսարան ես միայն ֆիլմում էի տեսել։ Կարծեմ Ստալինինգրադի պաշտպանության մասին ֆիլմում էր, երբ հերոսն ինքն իր վրա կրակ էր պահանջում։

Ժամանակ անց, երբ Սամվել Բաբայանն ինձ կանչեց ու ասաց, որ երկու մարդ ներկայացնեմ պարգևատրման, առանց վարանելու առաջարկեցի Գենոյին պարգևատրել։ Մարտական խաչ երկրորդ աստիճանի ասպետ է։ Ձեզ, իհարկե, դրա մասին ոչինչ չի պատմի, բնածին համեստությունը չի փոխել ոչ պատերազմը, ոչ էլ հետպատերազմյան իրականության փորձությունները։

Խնդիրների տակ կքած, բայց հպարտությունը չկորցրած մարդ։ Հպարտ, որովհետև ազնիվ է, որովհետև արժանապատվորեն կատարել է իր գործն ու այսօր էլ հավատարիմ է իր արժեքներին ու գաղափարներին։ Երջանկություն է նման մարդկանց հետ ապրելը, նման ընկեր ունենալը։

Պատմությունը գրի առավ Յուլիա ՎԱՆՅԱՆԸ

Լրահոս
Արցախում ռազմավարական գրեթե բոլոր ուղղություններով արձանագրվել է առաջընթաց. Բակո Սահակյան Սերժ Սարգսյանը բնակվելու է կառավարական ամառանոցում վարչապետին հատկացված առանձնատանը Կառավարության առաջին նիստն անցել է առանց մեծ բանավեճերի Բելառուսի վարչապետն ընդունել է ԱՊՀ երկրների պետական գործակալությունների ներկայացուցիչներին Հայաստանի Նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է տարբեր բնագավառներում գործակցության ընդլայնման հարցեր Համոզված ենք՝ Հայաստանում իրադրությունը կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով ԿԳՆ-ն հերքում է աշխատակիցների համար որոշ կայքերի արգելափակված լինելու լուրերը Շիրակի ոստիկանությունը հերքում է Գյումրիում ցուցարարների կողմը ոստիկանների անցնելու լուրը ՌԱԿ-ը կոչ է անում չանտեսել երիտասարդության ընդվզումն ու բողոքը Հայաստանը պատրաստ է առաջ մղել ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը. Արմեն Սարգսյանն ընդունել է Պյոտր Սվիտալսկուն Կառավարությունը փոփոխում է նիստերի անցկացման ժամը Արմեն Սարգսյանը հայտարարությամբ ողջունել է ՀՀ նախագահի հովանու ներքո քաղաքական խորհրդակցությունների հարթակ ստեղծելու ՀՅԴ առաջարկությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթի մասնակիցները ՀՀ կառավարության շենքի մոտ են Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից Ներքաղաքական Հայաստան Ծայրահեղ իսլամը վտանգ է Կովկասի համար Երևանի հավաքներում տուժած 5 քաղաքացի հիվանդանոցներում է. նրանցից մեկի վիճակը միջին ծանրության է Առճակատման տանող դիմակայությունը փակուղի է. ՀՅԴ ԳՄ-ն հայտարարություն է տարածել բողոքի զանգվածային ակցիաների վերաբերյալ Զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ. նրանց մասնակցությամբ զննվել են տեսագրությունները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության նիստը Դողու Փերինչեքը Թուրքիայում վաղաժամ ընտրությունների նշանակումը համարում է իշխանությունների վախի արդյունք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանն օրինակելի է անվանել մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման հարցում Շարմազանովը բարձր է գնահատել Լատվիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը Գարեգին Բ կաթողիկոսը ուղերձ է հղել՝ պահպանել ողջախոհությունը և հայրենասիրության մեջ օրինահարգությունը Ադրբեջանի ղեկավարության կողմից հիվանդագին երևակայությամբ նենգափոխվում է ամեն ինչ. Շավարշ Քոչարյան Դատախազությունը պարզաբանում է՝ Վարդգես Հայրապետյանի ավտոմեքենան ոչ թե առևանգվել էր, այլ տեղափոխվել տուգանային հրապարակ Ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին ձեռնպահ մնալ անհարիր արարքներից Երևանում ապրիլի 19-ի հավաքի և երթի համար քաղաքապետարան իրազեկում չի ներկայացվել Փաստաբանների պալատն անվճար իրավաբանական օգնություն է ցուցաբերում ոստիկանության բաժին տարված անչափահասներին Գագիկ Հարությունյանը հանդիպել է դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամների հետ ՄԻԵԴ-ն Ադրբեջանի վերաբերյալ նոր վճիռներ է հրապարակել ՀՀ նախագահի հրամանագրերով երեք նախարարներ են նշանակվել ՄԻՊ ներկայացուցիչները շարունակում են աշխատանքը Ոստիկանության բաժիններում Հենրիխ Մխիթարյանը սկսել է մարզվել Արտասահմանյան լրատվամիջոցները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելիս չեզոքություն են պահպանում Ժամը 13:30-ի դրությամբ` ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ բերման է ենթարկվել 100 քաղաքացի Ոստիկանները վարչական ներգործության միջոցներ կկիրառեն իրավախախտում կատարած անձանց նկատմամբ Ձերբակալվել է Մաշտոց-Թումանյան խաչմերուկում զանգվածային անկարգությունների անմիջական երկու մասնակից ՀՀ վարչապետը նոր մամուլի քարտուղար ունի Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետի օգնականների է նշանակել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan