Փարիզում այս տարի հիշատակի միջոցառումներ կանցկացվեն ապրիլի 24-ին և մայիսի 28-ին

Փարիզում այս տարի հիշատակի միջոցառումներ կանցկացվեն ապրիլի 24-ին և մայիսի 28-ին

ՀՀ Նախագահի այցը Փարիզ շատ լավ առիթ է նշելու և հզորացնելու այն բացառիկ բարեկամությունը, որ առկա է Փարիզի և Հայաստանի միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Անն Իդալգոն ասել է Փարիզի քաղաքապետարանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին հյուրընկալելու ժամանակ:

«Մենք միասնական ապագա ունենք կառուցելու, սակայն անցյալի և ապագայի հավասարակշռության կետում մեր երկու երկրների, երկու մայրաքաղաքների միասնական ներկան է: Ուրախ եմ նշել, որ այս տարվա ընթացքում պետք է ակտիվացնենք մեր շփումները»,- ընդգծել է Անն Իդալգոն:

Փարիզի քաղաքապետը շեշտել է, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում այս տարվա ապրիլի 24-ին ևս կանցկացվի Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն, իսկ մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառում:

«Անկախությունը, որը կասեցվեց հռչակումից երկու տարի անց, հասցրել էր ազատության սերմը տարածել Հայաստանում և դրա միջոցով նաև փոխանցել խորհրդարանական ժողովրդավարության գաղափարը՝ կանանց տալով ընտրելու իրավունք, նախաձեռնելով բարեփոխումներ: Այս հիմքերը հնարավորություն են ստեղծել, որ այսօրվա Հայաստանը լինի ժողովրդավարությունների առաջին շարքերում: Հայ ժողովուրդը, վերապրելով մեր ժամանակակից պատմության առաջին ցեղասպանությունը, ընկալեց անկախության հռչակումը որպես հրաշք, որը պետք է հիշատակենք ամեն անգամ միասին՝ ֆրանսիացիներով ու հայերով»,– ամփոփել է Անն Իդալգոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում