Կյանքը շարունակվում է. Մխիթարյանը հրաժեշտի խոսքով դիմել է «Յունայթեդ»-ի երկրպագուներին

Կյանքը շարունակվում է. Մխիթարյանը հրաժեշտի խոսքով դիմել է «Յունայթեդ»-ի երկրպագուներին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտի խոսքով դիմել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուներին:

«Կցանկանայի իմ անկեղծ շնորհակալությունը հայտնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղացողներին, աշխատակազմին և, հատկապես, երկրպագուներին, իրենց սիրո և աջակցության համար: Ինձ համար մեծ պատիվ էր ձեր մեծագույն ակումբի հետ շահել Եվրոպայի լիգան: Ես միշտ մեծ գնահատանքով կհիշեմ այդ հիշողությունները: Ինչպես նաև կհիշեմ «կարիճ» հարվածով իմ գոլը, և ամեն անգամ խաղադաշտ դուրս գալիս «Whoa Մխիթարյան» երգը: Ես վայելել եմ ամեն րոպեն, որ անցկացրել և կիսել ենք միասին: Իմ կարիերայի այս շրջանում ես պետք է բավականություն ստանամ ինքս ինձնից և խաղամ: Ի խորոց սրտի շնորհակալություն և հաջողություն եմ մաղթում բոլորիդ: Կյանքը շարունակվում է»,– Facebook-ի իր էջում գրել է Մխիթարյանը:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Թվիթերի իր էջում հաջողություն է մաղթել Մխիթարյանին՝ մասնավորապես գրելով. «Մենք հաջողություն ենք մաղթում Հենրիխ Մխիթարյանին տեղափոխության կապակցությամբ և շնորհակալություն հիշողությունների համար»:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից տեղափոխվեց «Արսենալ», իսկ «զինագործներից» մանկունյական ակումբ տեղափոխվեց չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը: Ըստ «Արսենալ»-ի պաշտոնական կայքի` Մխիթարյանը լոնդոնյան ակումբի հետ երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում